«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու համար

09/05/2025

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ երկրորդ գիշերն անընդմեջ ռուսական անօդաչու սարքերն ու հրթիռները չեն հարձակվել ուկրաինական քաղաքների վրա։

Միևնույն ժամանակ, Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմը հայտնել է Նիկոպոլի և շրջկենտրոնի մերձակա բնակավայրերի հրետակոծության մասին։ Քաղաքը փաստացի գտնվում է ճակատային գծում՝ Դնեպրի մի կողմում։ Գետի հակառակ կողմում ռուս զինվորականներն են։ Հաղորդագրության համաձայն՝ բնակավայրերը տուժել են «անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարձակումներից»։

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել այդ հայտարարությունները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին պնդել է, որ ռուսական զորքերի բոլոր խմբավորումները լրիվ դադարեցրել են ռազմական գործողությունները:

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն էլ հայտարարել է շրջանային կառավարության շենքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի կիրառման մասին։

Մայիսի 8-ին Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Թրամփը պնդել է 30-օրյա անվերապահ հրադադարի անհրաժեշտությունը:

«Եթե հրադադարը չպահպանվի, ԱՄՆ-ն և նրա գործընկերները կկիրառեն լրացուցիչ պատժամիջոցներ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է 30-օրյա հրադադարին, նաև Ռուսաստանի հետ բանակցություններին՝  ցանկացած ձևաչափով: