«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում 20 տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

12/05/2022

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը 20 տարի դադարից հետո պատարագ է մատուցել Մարդինի Դերիք գավառում գտնվող 372 ամյա հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում։

Քալե թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1650 թ-ին։ Եկեղեցին 1915 թ-ին հայերի ցեղասպանությունից հետո հանձնվել է պետական գանձարանին և տարիներ շարունակ օգտագործվել է այլ նպատակներով։ Շրջանում հայերի թվի մեծացմանը զուգահեռ 1957 թ-ին այն վաճառվել է հայկական համայնքին։

Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2004 թ-ին։ Շուրջ 20 տարի, սակայն, եկեղեցում պատարագ չի մատուցվել։ Գավառում այժմ գրեթե հայեր չեն բնակվում։

20 տարի անց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում մատուցված այս պատարագին մասնակցել են գավառում գտնվող երկու հայ ընտանիքներ և որոշ հայեր, որոնք եկած են եղել Դիարբեքիրից, Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից և Թուրքիայի այլ վայրերից։

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը պատարագից հետո եկեղեցու պահպանման և խնամքի համար շնորհակալություն է հայտնել գավառապետ Էվրեն Չաքըրին։ Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը տարբեր պատճառներով ստիպված է եղել արտագաղթել, տարածվել աշխարհի տարբեր կողմերում և այդ պատճառով է, որ շատ հայկական եկեղեցիներ մնացել են առանց իրենց տերերի։

Մաշալյանը գոհություն է հայտնել Աստծուն, որ Դերիքի Սուբ Գևորգ եկեղեցին չի փակվել և բաց է մնացել, քանի որ միշտ եղել են և կան մարդիկ, որոնք նույնացրել են իրենց եկեղեցու հետ։

Պոլսո Հայոց պատրիարքն այնուհետև այցելել է նաև Մարդինի ասորիական Դեյրուլզաֆերան վանք։