«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության էներգետիկ բաղադրիչի շուրջ․ Վահե Դավթյան՝ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

12/09/2020

Վերջերս հաստատված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության՝ էներգետիկ անվտանգությանը նվիրված բաժնում կիրառվում է ՛՛էներգետիկ անկախություն՛՛ սահմանումը: Մինչդեռ պետք է հասկանալ, որ դա առավելապես հրապարակախոսական սահմանում է, որն իր մեջ ավելի շատ զգացմունքային, քանի գիտական բովանդակություն է պարունակում: Դժվար է իրականում պատկերացնել էներգետիկ առումով անկախ երկիր: Եթե խոսքը գնում է ինքնաբավ էներգահամակարգի մասին, ապա Հայաստանի ու մեր պես էներգահամակարգ ունեցող երկրների համար դա ևս դժվար իրականացվող նպատակ է: Ինքնաբավ ասելով՝ Հայաստանի դեպքում պետք է հասկանալ ոչ միայն այն համակարգը, որն ի վիճակի է ծածկել ողջ ներքին պահանջարկը, այլև իրականացնում է էլեկտրաէներգիայի արտահանման ռազմավարական գործառույթը:

Հայաստանի էներգահամակարգն ավելցուկային է՝ խարսխված կայուն արտահանման սկզբունքի վրա: Ավաղ, այս մասով մենք կաղում ենք: Մեծ հաշվով, չհաշվարկված էներգետիկ քաղաքականության արդյունքում կորցրել ենք վրացական շուկան, իրանական շուկայում էլ այժմ լուրջ մրցակցներ են ի հայտ եկել հանձինս Ադրբեջանի ու Թուրքմենստանի: Ուստի, երբ խոսում ենք ՛՛էներգետիկ անկախության՛՛ մասին, պետք է հաշվի առնենք նաև արտաքին էներգետիկ հաղորդակցությունները, Հայաստանի դեպքում՝ էլեկտրաէներգիայի արտահանման խնդիրները: Ավելին՝ արտաքին էներգատրանսպորտային հաղորդակցություններից կտրված պսևդո-անկախ էներգահամակարգը դառնում է չափազանց խոցելի ու անկայուն: Նույնիսկ գերզարգացած էներգետիկ համակարգեր ունեցող պետություններում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում երբևէ չենք տեսնի ազգային օրակարգում ներառված ՛՛էներգետիկ անկախության՛՛ ապահովման խնդիրը:

Ռազմավարության մեջ նշված է նաև ներկրվող բնական գազից կախվածության նվազեցման անհրաժեշտության մասին, ինչը թեև առաջին հայացքից ողջունելի մոտեցում է, սակայն իրականում ընդամենը պոպուլիստական կոչ է: Ակնհայտ է, որ եթե բնական գազից կախվածությունը մենք դիտում ենք որպես բազային մարտահրավեր, ապա դրան պետք է հաջորդի, օրինակ, Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի կառուցման նախագծի չեղարկումը, որը փոխարինելու է Հրզադանի ՋԷԿ-ը: Ավելին՝ ժամանակակից համաշխարհային էներգետիկ շուկայում բնական գազը դառնում է ամենամրցունակ վառելիքը, որի հանդեպ պահանջարկն աճում է գրեթե ամենուր, այդ թվում ՛՛կանաչ էներգետիկա՛՛ զարգացնող եվրոպական պետություններում: Ըստ միջազգային էներգետիկ գործակալության՝ 2021 թ. թե սեղմված, թե հեղուկ, բնական գազի պահանջարկն աշխարհում վերստին սկսելու է աճել բավականին արագ տեմպերով, ու այդ հանգամանքը հաշվի չառնելն առնվազն վկայում է ոչ մասնագիտական մոտեցման մասին: Ի դեպ, 2007 թ. Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության. ռազմավարության մեջ հատուկ նշվում էր գազատրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարագցման անհրաժեշտության մասին: Այդ իմաստով՝ նման դրույթի բացակայությունը նոր փաստաթղթում ու ներկրվող գազից կախվածության իջեցման մասին կոչերը լիովին տեղավորվում են ընթացիկ քաղաքական կոնյուկտուրայի մեջ:

Փաստաթղթի՝ էներգետիկ անվտանգությանը նվիրված բաժնում նաև թերի է ներկայացված ԵԱՏՄ էներգետիկ շուկաներին Հայաստանի միանալու խնդիրը: Ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանը պետք է տարանցիկ գոտի հանդես գա՝ կապելով հարևան երկրների էներգահամակարգերը և ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան: Մինչդեռ ԵԱՏՄ չի սահմանափակվում բացառապես էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայով, դրանում ձևավորվում է նաև գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաները՝ գործընթաց, որին Հայաստանը ևս մասնակցում է: Եվ այդ մասնակցությունը չի ենթադրում միայն տարանցման գործառույթի իրականացումը: Հայաստանը, որպես ընդահուր շուկայի մասնակից, պարտավորվել է ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը ԵԱՏՄ պահանջներին: Մեր նպատակը պետք է լինի այդ շուկաներում Հայաստանի սուբյեկտության բարձրացումը, լիարժեք ինտեգրումը, այլ ոչ թե պարզապես որպես կապող օղակ հանդես գալը: Սա վկայում էներգետիկ անվտանգության՝ չափազանց մակերեսային ընկալման մասին:

Ինչ վերաբերում է միջուկային էներգետիկայի զարգացման մասին դրույթին, ապա այն, իհարկե, ողջունելի է, սակայն վերջին զարգացումները ու հատկապես ռուսական վարկից հրաժարվելը վկայում է Հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման խոչընդոտների ու տվյալ որոլրում առանցքային գործընկերջ հետ հարաբերություններում առկա խորքային խնդիրների մասին: Դրան զուգահեռ կառավարությունը քննարկում է միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարները ամերիկյան կողմի հետ, որը, ինչպես գիտենք, առաջարկում է մեզ հրաժարվել խոշոր հզորություններից՝ կառուցելով փոքր հզորության մոդուլային ԱԷԿ: Սա առնվազն միջուկային էներգետիկան ապաանվտանգայնացնող սցենար է, քանի որ մոդուլային կայանը, որպես կանոն, օգտագործվում է որպես ռեզերվային հզորություն ու չի կարող ապահովել այն աշխարհառազմավարական կարգավիճակը, որն ունի այսօր Հայաստանը՝ որպես Հարավային Կովկասում ՛՛խաղաղ ատոմ՛՛ զարգացնող միակ պետություն:

Աանվազն տարակուսանք է առաջացնում նաև հիդրոէներգետիկայի անվտանգային նշանակության մասին որևէ ձևակերպման բացակայությունը փաստաթղթում: Մինչդեռ հիդրոէներգետիկան, այդ թվում՝ փոքր, ներկայումս ապահովում է Հայաստանի էկեյտրագեներացման մոտ 30 տոկոսը, ինչի շնորհիվ մեզ, օրինակ, հաջողվեց խուսափել խորքային էներգետիկ կոլապսից 2019 թ. հուլիսի 10-ի խոշոր վթարի ժամանակ: Այսպիսով, ռազմավարության՝ էներգետիկ անվտանգությանը նվիրված բաժնից պարզ չի դառնում, թե էներգետիկ զարգացման ինչպիսի մոդել ենք մենք որդեգրում, իսկ ինքը՝ բաժինը կրում է ֆրագմենտար բնույթ: