«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախագահի դիմումը մուտքագրվել է ՍԴ, նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ քան 20 օր հետո

26/02/2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ուղարկված Դատական օրենսգրքի փոփոխությունների մասին նախագիծը մուտքագրվել է ՍԴ։ ՍԴ անդամ Էդգար Շաթիրյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի կողմից օրենքը չստորագրելու պարագայում օրենքի սահմանադրականությունը բարձրացնելու դեպքում՝ դրան ընթացք է տրվում հետևյալ ընթացակարգով։

Նախ՝ Սահմանադրության 129 հոդվածը նախատեսում է, որ նախագահը ստորագրում և հրապարակում է օրենքը 21-օրյա ժամկետում, կամ նույն ժամկետում այն ուղարկում է ՍԴ՝ օրենքի սահմանադրականություն որոշելու հարցով։ «Այդ դրույթներն ամրագրված են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 73 րդ հդվածում, մասնավորապես, օրենքով սահմանված է, որ ՀՀ նախագահը ՍԴ է դիմում ԱԺ-ի կողմից օրենքի ընդունումից ոչ ուշ քան 21 օր հետո։ Հասկանալի է, որ ՍԴ-ում դատավարությանը որպես կողմ ներգրավվում է ԱԺ-ն»։

Ներկայացնելով ընթացակարգը՝ նա ընդգծեց, որ դիմումի մուտքագրումից հետո օրենքով սահմանված 3-օրյա ժամկետում պարզվում է դիմումի ձևի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 24, 25 հոդվածներով սահմանված պահանջներին։ Եթե ձևական առումով հանդես են գալիս խնդիրներ, ապա դիմումն ուղարկվում է համապատասխանեցմանը։ Եթե սահմանված ժամկետում նշված թերությունները չեն շտկվում, ապա սա կարող է հիմք հանդիսանալ դիմումը վերադարձնելու համար։ Եթե նման հիմքեր առկա չեն, ապա տեղի են ունենում դիմումի նախնական ուսումնասիրություն, որի մանրամասները սահմանված են ՍԴ աշխատակարգով։ Ըստ այդմ՝ դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացնում է ՍԴ դատավորներից մեկը՝ ՍԴ նախագահի մակագրության հիման վրա։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ՍԴ աշխատակարգով սահմանվում է, որ դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան 20-օրյա ժամկետում։ 20-օրյա ժամկետը վկայակոչվում է՝ նկատի ունենալով այն, որ աշխատակարգում, ի թիվս օրենքի այլ դրույթների՝ օրենքում մատնանշված է օրենքի 73-րդ հոդվածի առաջին մասը։ Դրանից հետո արդեն սահմանված կարգով կհրավիրվի ՍԴ աշխատակարգային նիստ և դիմումի նախնական ուսումնասիրող դատավորը կներկայացնի դրա նախնական ուսումնասիրման արդյունքները։ Նախնական ուսումնասիրության արդյունքում էլ կկայացվի համապատասխան որոշում՝ գործը քննության ընդունելու մասին՝ նշելով՝ երբ է նշանակվում դատաքննության օրը, նշելով դատաքննության պատասխանող կողմին, նշելով գործի քննության ընթացակարգը։ Եթե առկա լինեն դիմումը մերժելու հիմքեր, կկայացվի համապատախան որոշում՝ դիմումի քննությունը մերժելու մասին»։