«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որքան Թուրքիան ավելացնի ագրեսիվությունն իր արտաքին քաղաքականությունում, այնքան կուժեղանա մեր անվտանգությանը սպառնացող վտանգը. Ռ. Սաֆրաստյան

13/09/2020

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` դեռևս դժվար է ասել, որ կլինեն Արևմուտքի կողմից համատեղ գործողություններ Թուրքիայի դեմ` ի պատասխան Արևելյան Միջերկրականում վերջինիս գործողություններին:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց` վերջնական գործողություններն օրակարգում չեն, բայց որ նրանց մոտ դրված է Թուրքիայի քաղաքականության հարցը, և այդ տարածաշրջանում նրա քայլերը դարձել են քննարկումների առարկա Արևմտյան կառույցներում, արդեն փաստ է:

«Եվրամիության տարբեր անդամներ են պահանջում, որ կառույցը համատեղ գործի, պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի դեմ: Այնպես որ արդեն քննարկումների մակարդակին է հասնում Թուրքիայի արգրեսիվ քաղաքականությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս առիթով եվրոպացիներին կոչ էր արել ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նախագահ Էրդողանի և նրա կառավարության նկատմամբ:

Ռուբեն Սաֆրաստյանի նկատառմամբ` այս տարածաշրջանում ի հայտ է եկել Ֆրանսիայի քաղաքականությունը, որը կարծես թե վճռական է տրամադրված:

«Նախագահ Մակրոնը ոչ միայն կտրուկ հռետորաբանություն է ընտրել Թուրքիայի դեմ, այլ նաև կոնկրետ քայլեր է ձեռնարկում. ռազմական նավեր, ինքնաթիռներ է ուղարկում տարածաշրջան: Արդեն խոսք է գնում այն մասին, որ ֆրանսիական ռազմական օդանավերը  կտեղակայվեն Կիպրոսում: Կարծես արդեն կան գործողություններ՝ Ֆրանսիայի կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով Հունաստանի հնարավոր քայլերին, երկրին, որի սահմաններին է մոտեցել Թուրքիան, թուրքագետը նշեց, որ կարծես թե նա ռազմական գործողությունները չի դիտարկում՝ միակ ճանապարհը հակամարտությունը լուծելու: «Կարծում եմ` դեռ ճանապարհը փակված չէ բանակցությունների միջոցով ընդհանուր հայտարարի գալու»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն ընդհանուր առմամբ երկու մասից է կազմված` մեկում հռետորաբանությունն է շատ, ոչ դիվանագիտական հայտարարությունները, որոնցով հանդես է գալիս նախագահ Էրդողանը, մյուսում գործողություններն են:

«Երբ այս երկուսը որպես ընդհանուր միասնություն ենք դիտարկում, կարող ենք գալ եզրակացության, որ Թուրքիան միտումնավոր քաղաքականություն է վարում.  լարվածությունը գնալով ավելի ուժեղացնելով տարբեր տարածաշրջաններում և հռետորաբանությունն էլ ագրեսիվ դարձնելով` փորձում է ինչ-որ օգուտներ քաղել: Սա Էրդողանի վերջին տարիների քաղաքականությունն է»,- ասաց նա:

Մյուս կողմից, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, տեսանելի է, որ Թուրքիայի դեմ ձևավորվում է մի առանցք, ստորագրվում են պայմանագրեր:

«Հունաստանն ու Կիպրոսն են ստորագրում պայմանագրեր, նույնիսկ Իսրայելն է նման առանցքի մաս դառնում: Իհարկե, Թուրքիան էլ փորձում է իր դաշնակիցները գտնել տարածաշրջանում, որոնք այնքան էլ շատ չեն: Քաթարի հետ է համագործակցում, որը հեռու է տարածաշրջանից, և սա վկայում է այն մասին, որ Թուրքիայի այս քաղաքականությունը, որը ավանտյուրիստական է, վերջիվերջո հանդիպելու է շատ ծանր փաստերի: Թուրքիան մեկուսանում է»,- ասաց նա:

Այս համատեքստում նա նաև մատնանշեց, որ Միացյալ Նահանգներն է կոշտ հակաթուրքական քաղաքականություն վարում: «Կան տվյալներ, որ Կոնգրեսն արդեն որոշում է ընդունել, որ Թուրքիային զենք չվաճառեն, դեռ չեն հրապարակում: Սա վկայում է այն մասին, որ Թուրքիայի ավանտյուրիստական քաղաքականությունն ի վերջո անհաջողության կմատնվի»,- ասաց նա:

Ամեն դեպքում, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի հնարավոր հզորացումն այս տարածաշրջանում անվտանգային խնդիր կարող է լինել Հայաստանի համար:

«Որքան Թուրքիան ավելացնի ագրեսիվությունն իր արտաքին քաղաքականությունում, այնքան կուժեղանա մեր անվտանգությանը սպառնացող վտանգը: Այս պահին մեր տարածաշրջանում էլ ենք տեսնում Թուրքիայի ագրեսիվությունը: Զորավարժություններ են այստեղ անում, Նախիջևանում են իրենց ռազմական աջակցությունն ավելացնում: Բայց Թուրքիան սպառնալիք է ոչ միայն մեզ համար, այլ բոլորի»,- ասաց նա:

Այս իրավիճակում, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Հայաստանի համար ավելի լավ կլինի համագործակցելն այն երկրների հետ, որոնք նույնպես զգում են վտանգ Թուրքիայից:

«Ես շատ եմ կարևորում, որ եթե մենք ինչ-որ համագործակցություն ենք իրականացնում, լինի ոչ թե հակաթուրքական, այլ հանուն տարածաշրջանի խաղաղության, կայունության պահպանման»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր է, որ մեր արտաքին քաղաքականությունը կարողանանք ճիշտ հռետորաբանությամբ իրականացնել, աշխարհում այն դրական ընկալվի:

Նրա դիտարկմամբ` Միջերկրական ծովի հետ մի այլ հանգամանք կա, որը մենք լավ չենք օգտագործում: «Այս տարածաշրջանում դարեր շարունակ գոյություն է ունեցել և ամենակարևոր դերակատարն է եղել Կիլիկիայի հայկական պետությունը:

Մենք այդ հանգամանքն էլ պետք է օգտագործենք մեր արտաքին քաղաքականությունում: Օգտագործենք այս տարածաշրջանում մեր ունեցած համայնքները` Լիբանանում, Կիպրոսում, Հունաստանում կան հզոր համայնքներ: Այնպես որ մենք պետք է սկսենք առանց շտապելու, բայց նաև հստակ ակտիվ արտաքին քաղաքականություն վարել այդ տարածաշրջանում` Միջերկրական ծովի այդ հատվածներում, Մերձավոր Արևելքում»,- ասաց նա: