«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բավական է, մեղք է մեր ժողովուրդը. Աշոտ Ներսիսյան

27/05/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Այն,ինչ գրում ենք, կարող է ականջահաճո չլինել ոմանց, բայց դա է թելադրում Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակի առանց զգացմունքների ընկալումը: Գիշերը Հայաստանի հյուսիսային շրջանները պատուհասած բնական աղետին զուգընթաց տեղի ունեցավ Բագրատ արք. Գալստանյանի նախաձեռնած հանրահավաքը: Անձամբ մենք այն տպավորությունն ստացանք, որ այն ավելի շատ ոչ թե հետապնդում էր իշխանափոխության նպատակ, այլ ուներ երևույթները փրկելու միտում: Նրա երկարաշունչ ճառի հենց սկզբից պարզ էր, որ այն ազնիվ մասսան, որ հավաքված էր այնտեղ, գլորվում է հուսախաբության գիրկը: Իշխանափոխությունը ենթադրում է կարճ և կոնկրետ կետերով ծրագրի մատուցում և ոչ թե գրական զեղումներում ոչինչ չասող և բազմիցս կրկնված հռետորաբանություն: Հանրահավաքից պարզ էր, որ արդեն նախկին հոգևորականը ձախողումներ է ապրել.

1. Իմպիչմենտի գործընթացը իրականցնելը օրակարգից հանվել է, չնայած օրեր առաջ նրա հավաստիացմանը, որ պահանջված պատգամավորը թերևս կմիանա:

2. Պատգամավորները չեն համաձայնվել դնել իրենց մանդատները, որը թերևս սահմանադրական կամ պառլամենտական ճգնաժամ ստեղծելու և նոր ընտրությունների գնալու ամենաիրատեսական տարբերակն էր:

3. Որպես վարչապետի թեկնածու նրա առաջադրումը, որը թերևս կարելի է պայմանավորել այլ, հայտնի ուժերի հետ համագործակցություն չունենալու պատրանքի ստեղծմամբ, չհնչեց այն անվտանգության հայեցակետի մատուցման զուգորդությամբ, որը պետք է ստվերում թողնել իշխանությունների կողմից որդեգրածը բոլոր առումներով:

4. Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ է նշանակում հոգևոր գործունեության սառեցումը: Եկեղեցու ո՞ր կանոնադրությունն է տալիս դրա թույլտվությունը: Արդյոք դրա իրավունքն ունի կաթողիկոսը: Սառեցնել գործունեությունը, զբաղվել քաղաքական գործունեությամբ, ապա նորից վերադառնա՞լ հոգևոր կյանք: Սառեցումը հենց դա է նշանակում, հակառակ դեպքում պետք է խոսվեր իսպառ հեռանալու մասին: Այս դեպքում հստակ կլիներ, որ Սրբազանը դառնում է աշխարհիկ անձ` նվիրվելով քաղաքականությանը: Սա ունի հոգեբանական կարևոր նշանակություն:

5. Կրկնվում է 2021թ. մեթոդաբանությունը` հանրահավաք, ապա երթ, անհնազանդության ակցիաներ, որոնք ոչ մի դրական երաշխիքներ չեն պարունակում` իշխանափոխության անցնելու տեսանկյունից: Իսկ Փաշինյանի կեցավայրը գնալը, այն դեպքում, երբ հայտնի էր, որ նա գտնվում էր երկրի հյուսիսը կաթվածահար արած աղետի վայրում, ենթադրել է տալիս, որ եղել է նախապես մշակված բեմագրություն, որից նա չէր կարող հրաժարվել: Բացի այդ, եթե մայիսի 9-ի հոծ հանրահավաքի օրը հնարավոր չեղավ խնդիր լուծել, վարչապետի տան վրա գնալով, այն էլ իր բացակայության պայմաններում, ինչ խնդիր էր լուծվելու: Դրա փոխարեն անհրաժեշտ էր մեկնել տնաքանդ մարդկանց մոտ և ոչ թե միտինգ անել: Այդ մարդիկ միթե պակաս կարեկցանքի են արժանի Կիրանցի բնակիչներից: Հակառակն անելով` շարժումը կորցրեց բազում հետևորդների: Բավական է, մեղք է մեր ժողովուրդը: