«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտակ Բեգլարյանը ստահոդ է որակել լրատվակայքերից մեկի հրապարակումը, որում շոշափվել է նաև իր անունը

26/01/2023

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը կեղտոտ ու ստահոդ է որակել օրերս past.am կայքում հրապարակված՝ «Արցախում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի» վերնագրով հոդվածը:

 Ֆեյսբուքի իր էջում տարածած հայտարարության մեջ Արտակ Բեգլարյանը նշել է, որ  հրապարակման մեջ նաև իր անունն է շոշափվել՝ կեղծ տեղեկություններով ու վիրավորական պիտակավորմամբ: 

«Դրա առթիվ կուզեի շեշտադրել՝

1. Մինչ շատերը (այդ թվում՝ ես) անխոնջ կերպով շարունակում ենք աշխատանքային, ազգային ու քաղաքացիական պարտականությունների կատարումը՝ ուղղված այս ճգնաժամի հաղթահարմանը, ոմանք մտածում են անձնական ու նեղ խմբային ամբիցիաների և հասարակության ավելի խորը պառակտման մասին:

2. Ես որևէ ներգրավվածություն չունեմ Արցախի ընթացիկ որևէ ներքաղաքական գործընթացում, և «ներքաղաքական բազարները» բնորոշ են այս հոդվածի հեղինակներին, ոչ թե՝ ինձ: Առավել ևս հաշվի առնելով նաև պետական նախարարի խորհրդականի իմ կարգավիճակը՝ աբսուրդ է ինձ մեղադրել «Ռուբեն Վարդանյանի դեմ «կոալիցիա» կազմելու» մեջ. ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ինձ բնորոշ չէ մարդկային ու աշխատանքային էթիկայի սկզբունքների ոտնահարումը, և ես որևէ խնդիր չունեմ մարդկանց իմ սկզբունքային տեսակետներն ուղիղ հայտնելու հետ կապված: 

3. Դատարկաբանություն է նաև ընտրությունների պատրաստվելու պնդումը, երբ գլուխս կախ Երևանում՝ ընտանիքիցս հեռու առավոտվանից գիշեր իմ պարտականությունների կատարմամբ եմ զբաղված՝ հիմնականում արտաքին քաղաքական և տեղեկատվական ոլորտներում: Ավելին, կարծում եմ, որ նման ճգնաժամային պայմաններում ոչ միայն սխալ ու վտանգավոր է ընտրությունների մասին մտածելը, այլև՝ պետությունն ու հասարակությունը պետք է զերծ պահել պառակտումներից ու ցնցումներից, իսկ առաջացած տարաձայնությունները հարկ է լուծել երկխոսությամբ ու հանգիստ կերպով:

4. Ապագայում երբ էլ ընտրությունները տեղի ունենան, ես ցանկություն չունեմ նախագահ դառնալու և չունեմ նախընտրելի հավանական թեկնածու: Ավելին, հարց է նույնիսկ, թե արդյոք խորհրդարանական ընտրություններին էլ կմասնակցեմ, թե ոչ: Հիմա ընդհանրապես ժամանակը չէ ընտրությունների մասին մտածելու, այլ պետք է ուս-ուսի պայքարել արտաքին սպառնալիքների դեմ՝ հանուն Արցախի հայկական ու անվտանգ ապագայի:

5. Հերիք են նաև անդեմ, անբարոյական ու անհիմն բամբասանքները արտաքին ուժերի հետ իբր իմ կապի մասին: Ով որևէ արտաքին ուժի (այդ թվում՝ «սորոսական») ազդեցության տակ է, նա ամենավերջին մարդն է, իսկ ով հատկապես այսքանից հետո իմ վերաբերյալ նման պնդում կանի, նա է ամենավերջին մարդը: Իսկ ում հանդիպեք նման ձևով ինձ պիտակավորելիս, կասեք, որ ես իրեն հայհոյել եմ, հարցեր ունի՝ թող գա մոտս...

6. Իմ կեսի չափ կանեք կամ զրկանք կկրեք հայրենիքի համար, հետո իրավունք կվերապահեք ձեզ բարբաջելու և մարդկանց արժանապատվությունը վիրավորելու: Նեղ անձնական ու խմբային շահերի համար մի՛ անցեք ազգային ու բարոյական սահմանները:

Գնացեք՛ կառուցեք, ոչ թե քանդեք, հատկապես՝ ճգնաժամի պայմաններում»,-ընդգծել է Արտակ Բեգլարյանը: