«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԲՀԿ-ի ընտրակաշառքի գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ. ԱԱԾ տնօրեն

21/09/2020

Կարծում եմ՝ ես չէ, որ պետք է իմ աշխատանքի արդյունքն ու արդյունավետությունը գնահատեմ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասած ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է փոխվել ԱԱԾ-ում իր նշանակումից հետո:

Հարցին՝ ի՞նչ նորություններ կան հայտնի քրեական գործերից, մասնավորապես՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործերից, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրգործից մաս է անջատվել, որն այս պահին գտնվում է դատարանում, նախաքննական մարմնի տիրույթից դուրս է: Ինչ վերաբերում է ընտրակաշաքի վերաբերյալ քրեական գործին, այն շատ մեծ ծավալներով քննվում է, քրեական գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ, առաջիկայում հնարավոր է՝ այն ուղարկվի դատարան: Ուղղակի այդպիսի քրեական գործերի առանձնահատկությունն այն է, որ դրանցից անընդհատ նոր քրեական գործեր են հարուցվում, նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դարձվում»,-ասաց նա:

Հարցին՝ Գ. Ծառուկյանին առնչվող գործն ինչու՞ է քննում ԱԱԾ-ն, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված հանցագործությունների հարցը ՀՔԾ-ի տիրույթում է, Քյարամյանը պատասխանեց, թե Դատախազությունն իրավունք ունի ցանկացած քրգործ վերցնել մեկ նախաքննական մարմնից և փոխանցել մեկ այլ նախաքննական մարմնի: «Դատարանը ևս օրինաչափ է համարել այն հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն»,-ասաց նա:

Անդրադառնալով ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված հետազոտական զեկույցին, որի համաձայն՝ Կրեմլը ՀՀ գրեթե բոլոր բարձրաստիճան կառույցներում ունեցել է գործակալներ, շրջանառվում են ԱԱԾ նախկին տնօրենների անուններ, Քյարամյանն ասաց, թե նշված հոդվածն ամբողջությամբ հանցագործության մասին հաղորդում է, և ԱԱԾ-ն՝ որպես իրավապահ մարմին, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի: «Այս պահին դրա վերաբերյալ որևէ այլ բան ասել չեմ կարող»,-հավելեց նա՝ նշելով, թե արդեն իսկ սկսվել է հետազոտություն:

Դիտարկմանը, թե ՀՀ ԱԱԾ-ն մշտապես համարվել է ռուսական ФСБ-ի կցորդ, և ըստ քաղահասարակության ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԱԾ-ն ավելի շատ սպասարկում է ФСБ-ի, քան մեր ազգային շահերը, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՌԴ մեր գերծընկերների հետ, ինչպես նաև այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ: Շատ բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները, հատկապես ՌԴ հատուկ ծառայությունների հետ ունեցած մեր ավանդական շփումները, սակայն ՀՀ ԱԱԾ-ն միտված է առաջին հերթին պաշտպանելու ՀՀ ազգային անվտանգությունը, մեր ժողովրդի, մեր պետության շահը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն արդեն իսկ իրական սպառնալիք է ազգային անվտանգությանը, Քյարամյանն ասաց, թե Վանեցյանի ասածները չի մեկնաբանում: «Արթուր Վանեցյանը առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են»:

Հարցին՝ Վանեցյանը կապ ունի՞ գաղտնալսման հետ, Քյարամյանը նշեց, թե ՔԿ-ում քննություն է իրականացվում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնց հետ կապված որևէ բան չի կարող ասել:

Tert.am