«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շիրակի մարզի խոշորացվող համայնքները դեկտեմբերի 5-ին կմասնակցեն ՏԻՄ ընտրությունների՝ համամասնական կարգով

26/10/2021

Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ տարածաշրջաններում։ Տասնօրյա ժամկետում կուսակցություններն ու դաշինքները տարածքային ընտրական  հանձնաժողովներ են ներկայացնելու ավագանու թեկնածուների ցուցակները, որին հաջորդելու են պաշտոնապես առաջադրումները։ Խոշորացման և կրկնակի խոշորացման ենթարկվող գյուղական բնակավայրերում ՏԻՄ ընտրություններն առաջին անգամ լինելու են համամասնական ընտրակարգով։ Մարզի 4 տարածքային ընտրական հանձնաժողովներից երեքն են այս անգամ զբաղված նախընտրական ու ընտրական գործընթացներով։
«Գործընթացը սկսվել է  հոկտեմբերի 21-ից և կավարտվի 31-ին, այս պահի դրությամբ մենք ոչ մի առաջադրման հայտ չենք ստացել, և չեմ կարող ասել՝ հետագայում ինչպիսն կլինի ընթացքը»,-նշել է թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը։

Թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում ընդգրկված չորս խոշորացված համայնքներում լինելու է կրկնակի խոշորացում, արդյունքում՝ Ամասիա, Արփի, Աշոցք և Սարապատ  խոշորացված համայնքների միավորումից կձևավորվեն 2  վարչատարածքներ՝ Ամասիան 18, իսկ Աշոցքը՝ 27 բնակավայրերով: Նույնը վերաբերում է Ախուրյան համայնքին։
«Փոփոխություններ են եղել․․․ Նախկինում  թիվ 32 տարածքային հանձնաժողովն ուներ  20 գյուղական համայնքներ, այժմ մեծացել է, խոշորացվել, հիմա արդեն ունենք 33  բնակավայրեր»,-նշել է թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ներսես Մարգարյանը։

Շիրակի մարզում կձևավորվի մարզի ամենամեծ խոշորացված համայնքը, կմիավորվեն 2017-ին խոշորացված Մարմաշեն ու Ախուրյան համայնքները: Ընտրական օրենսգրքի նոր պահանջներով այս անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում նաև ընտրատարածքների բնութագրերը:

Արթիկի տարածաշրջանում ևս ՏԻՄ ընտրություններ են։ Թիվ 33 տարածքային հանձնաժողովում ավագանու թեկնածուների առաջադրումների  հայտեր դեռ չունեն։ Այստեղ համայնքների խոշորացում լինելու է առաջին անգամ, ձևավորվելու է մեկ համայնք՝ Արթիկ կենտրոնով: Գյուղերում  առաջին անգամ համամասնական ընտրակարգով անցկացվող  ընտրություններում կրկին կօգտագործեն գրիչներ, իսկ քվեաթերթիկը կլինի մեկը:
«Այս ընտրություններում գրիչի առկայություն լինելու է, քանի որ մեր համայնքներում ընտրողների թիվը մինչև 70 հազարն է և չի գերազանցում։ Այդ իսկ պատճառով լինելու է մեկ քվեաթերթիկ, և քաղաքացիները ընտրությունը կատարելու են գրիչով, իսկ կուսակցությունների ու դաշինքների  հերթականությունը  քվեաթերթիկում կլինի այբբենական կարգով»,- նշել է թիվ  33 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Սեյրան Ղռաթյանը։

Գյուղական համայնքներում, մեծ մասամբ, քաղաքական կողմնորոշումներում մարդիկ չեզոք են, նոր ընտրակարգի ներմուծումը այս ընտրություններում, ըստ էության, ձայն տալու հարցում ոչինչ չի փոխի։ Անձնավորված մոտեցումները, անկախ կուսակցությունների ու դաշինքների  դիրքից ու դրվածքից, կմնան որոշիչներ։ Խոշորացվող Ամասիա և Աշոցք համայնքները կունենան ավագանու 15-ական, իսկ Ախուրյան և Արթիկ համայնքները՝ 27-ական անդամներ, իսկ վերջնարդյունքում՝  համայնքի ղեկավարների ընտրություն ավագանիներն են կատարելու։