«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տեղ գյուղի 50 բնակիչ Ադրբեջանի ԶՈւ–ի պատճառով զրկվել է հողատարածքներից․ Սյունիքի մարզպետ

27/05/2023

Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած գործողությունների պատճառով մոտ 50 բնակիչ զրկվել է իր հողատարածքներից և չի կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ ներկա պահին տեղի իշխանությունները հաշվարկում են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով բնակիչներին պատճառված տնտեսական վնասը։

Ղուկասյանը վստահեցրեց՝ խոսքը ոչ միայն այն տարածքների մասին է, որտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն ներխուժել է, այլ նաև այն տարածքների, որտեղ տեղակայված են ՀՀ զինված ուժերը։ Երբ դիրքերի կահավորման աշխատանքներն ավարտվեն, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հստակ արձանագրել գյուղատնտեսական վնասը, որպեսզի հետագայում հնարավոր լինի փոխհատուցել։

«Ընդհանուր առմամբ, հիմա 50 բնակիչ չեն կարողանում մոտենալ իրենց հողատարածքներին»,- ընդգծեց մարզպետը։

Նա շեշտեց, որ խնդիրը հիմնականում արդիական է Տեղ գյուղում։

Անդրադառնալով Սյունիքում առհասարակ տիրող իրավիճակին, նա ընդգծեց, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ։ Չնայած այդ ամենին, տեղի բնակիչները չեն լքել իրենց տները և նման մտադրություն էլ չունեն։

Ղուկասյանը նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո բնակչության թիվը չի փոխվել։ Անգամ որոշ դեպքերում, այն անձինք, որոնք մինչ այդ հեռացել էին հայրենի տարածքներից, վերադարձել են։ Միակ բացառությունը, ըստ մարզպետի, եղել է 2021 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ 2 օրով մարդիկ լքել էին իրենց տները, և դա նկատվել է դպրոցներում աշակերտների հաճախելիությամբ, սակայն շատ արագ նրանք վերադարձել են։