«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանացի միսիոներների առաքելությունը Հայաստանում

12/11/2022

Generalnews.am-ի հյուրն է Պոտսդամ քաղաքի Յոհաննես Լեպսիուսի տուն-արխիվի գիտաշխատող, «Գերմանական միսիոներական գործունեությունն Օսմանյան կայսրությունում․ Մարաշի կայանը 1896-1919 թթ․» մենագրության հեղինակ, պ․գ․թ Հայկ Մարիտիրոսյանը։

- Հայտնի է, որ 1894-1986 և 1914-1915 թթ․ ցեղասպանությունների տարիներին մեծ տերությունները միսիոներների գործունեությունը և ներկայությունն օգտագործել են քաղաքական նպատակներով։  Միսիոներների շարքում հատկապես աչքի էին ընկնում գերմանացիները, որոնց միսիոներական գործունեության մասին էլ կխոսենք պ․ Մարիտիրոսյանի հետ։ Ինչպե՞ս, ե՞րբ և գերմանական հասարակության ո՞ր շրջանակներում սկսեց ձևավորվել հայանպաստ շարժում՝ հաշվի առնելով այդ երկրի՝ շեշտված թուրքասիրությունը։

- Շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար։ Ես խոսելով այդ շարժման մասին՝ ավելի լայն ձևակերպում եմ տալիս՝ հայանպաստ-մարդասիրական/հումանիտար, քանի որ այն միտում ուներ օգնելու ոչ միայն հայերին որպես ազգ, այլ նաև որպես քրիստոնյա։ Շարժման  կոչերն էլ հաճախ հենց այդպես էին ձևակերպում՝ մեր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին։ Իսկ շարժումը սկիզբ է առել 1896 թ․, թեև գերմանական մամուլում առանձին հրապարակումներ եղել են նաև 1895 թ․ ։ Շարժման ձևավորման մեջ կարևոր դերակատարում ունեին հոգևորական-եկեղեցական շրջանակները, սակայն նաև հոգևոր շրջանակներին մոտ կանգնած մամուլը։ Այն ձևավորվեց որպես արձագանք համիդյան կոտորածներին։ Շարժման գլխավոր շարժիչ ուժը հենց հոգևորական շրջանակներն էին, իսկ շարժումը բավականին արագ տարածվեց Գերմանիայում։ Համիդյան կոտորածների ժամանակ թեև Գերմանիան արդեն որոշակի քայլեր իրականացրել էր Օսմանյան կայսրությունում հաստատվելու ուղղությամբ /ռազմական փոքր առաքելություն, երկաթուղի, բանկային համակարգ, առևտրային պայմանագրեր և այլն/, սակայն միայն 1898 թ․ կայսրի այցը այդ կապերը առավել բարձր մակարդակի հասցրեցին։ Չգիտեմ «թուրքասիրություն» բառը ինչքանով է տեղին, սակայն Օսմանյան կայսրության նկատմամբ կիրառվող պետական քաղաքականությունը պարտադիր չէ, որ լայն աջակցություն գտներ նաև հասարակ բնակչության շրջանում, առավել ևս բավականին կարճ ժամանակահատվածում։

- Պարոն Մարիտիրոսյան, կխնդրեի կանգ առնել Յ․ Լեփսիուսի գործունեության սկզբնական փուլի վրա, երբ հիմնադրվեց <<Հայաստանի օգնության գերմանական միությունը>>։

- Լեփսիուսը դեռևս 1895 թ․ սեպտեմբերի 29-ին հիմնել էր իր «Գերմանական արևելյան առաքելությունը», որն ի սկզբանե նպատակ ուներ ավետարանական գործունեություն ծավալել մահմեդականների շրջանում։ Կ․Պոլսում տեղի ունեցած կոտորածները, սակայն, փոխեցին նրա ծրագրերը, և նա սկսեց զբաղվել հայերի փրկության գործով։ «Հայաստանի օգնության գերմանական միությունը» հիմնվել է 1896 թ․ հուլիսի 2-ին Մայնի Ֆրանկֆուրտում մի կոնֆերանսի ժամանակ, այն բանից հետո, երբ Լեփսիուսը վերադարձել էր 1896 թ․ մայիս-հունսի ամիսներին Օսմանյան կայսրությունում կատարած այցից հետո և զեկուցում էր տիրող իրավիճակի մասին։ Միության համահիմնադիրներից էին Էռնստ Լոհմանը և Յոհաննես Լեփսիուսը։ Էռնստ Լոհմանը նաև 1896 թ․ փետրվարին լույս տեսած համիդյան կոտորածներից տուժած հայերին ֆինանսապես օգնելու առաջին կոչի հեղինակն է։ «Հայաստանի օգնության գերմանական միությունը» ուներ երկու կենտրոնական կոմիտե Մայնի Ֆրանկֆուրտում և Բեռլինում, իսկ Էռնստ Լոհմանը և Յոհաննես Լեփսիուսը այդ կենտրոնական կոմիտեները շարժիչ ուժն էին։ Մի արխիվային նամակի համաձայն, նրանք միմյանց ճանաչում էին արդեն երկար տարիներ, քանզի Լեփսիուսը Երուսաղեմից վերադառնալուց հետո մի կարճ ժամանակ աշխատել էր Մայնի Ֆրանկֆուրտի Քրիստոսի եկեղեցում (Christuskirche), իսկ Լոհմանն այդտեղ էր աշխատում Համիդյան կոտորածների ժամանակ։

- Կխնդրեի անդրադառնալ գերմանացի միսիոներների նկատմամբ հայ հասարակության մեջ գերիշխող վերաբերմունքին (եթե կան կոնկրետ օրինակներ, խնդրեմ խոսել նաև դրանց մասին)։

- Անշուշտ տարածված վերաբերմունքը բացասական է։ Պատճառները տարբեր են, հաճախ սուբյեկտիվ, զգայական։ Թեման շատ ընդարձակ է, օրինակները շատ են։ Նախ ընդհանրապես մենք բացասական վերաբերմունք ունենք միսիոներության երևույթին, քանզի դրա բուն նպատակը մեկ այլ կրոնի կամ հարանվանության ներկայացուցչին «դարձի բերելն» է։ Լեփսիուսի ու Լոհմանի դեպքում մենք գոնե առաջին տարիներին ունենք այլ իրավիճակ՝ գործն առաջին հերթին օգնելու, փրկելու աշխատանքներ էին, քանզի դրանք առաջացել էին հենց համիդյան կոտորածների ժամանակ։ Հետագայում էլ միսիոներության բուն իմաստով գերմանացի միսիոներները առանձնապես արդյունավետ չեն եղել, ինչը չի կարելի ասել ամերիկացի բողոքական միսիոներների մասին։

Իրականում այդ առաքելությունների շատ գերմանացի աշխատակիցներ մեծ թվով հայ երեխաների ու կանանց են փրկել, հատկապես Կիլիկիայի կոտորածների ժամանակ ու Հայոց ցեղասպանության տարիներին։ Օրինակ, հազիվ թե Պաուլա Շեֆեր անունը շատերին որևէ բան կասի, սակայն միայն նրա ջանքերով մոտ 200 որբ է հավաքվել 1909 թ․ կոտորածների մի շարք վայրերից ու բերվել Մարաշ ու խնամվել։ Շատ են նման վկայությունները։ Մյուս կողմից կան վկայություններ, որ այս կամ այն գերմանացի միսիոները իրենց չի օգնել, թեև շանս ուներ օգնելու։ Ամեն դեպքում խնդիրը շատ նուրբ է, պետք է յուրաքանչյուրին դիտարկել ընդհանրության մեջ։ Այո, նրանցից շատերը զբաղվել են միսիոներական գործունեությամբ, սակայն միայն բացասականը չէ, որ մենք պետք է տեսնենք նրանց ընդհանուր գործունեության մեջ։ Կրթություն, առողջապահություն, դպրոցներ, սրանք ևս միսիոներների գործունեության ոլորտներն են։ Հետաքրքիրն այն է, որ ավետարանականացման բնագավառում առավել արդյունավետ գործունեություն ծավալած ամերիկացի ավետարանական միսիոներների նկատմամբ մենք չունենք կանխակալ բացասական վերաբերմունք, սակայն գերմանացիների նկատմամբ կա։ Ի դեպ, գերմանացի միսիոներ ասվածն էլ հարաբերական է հաճախ, քանզի թեև առաքելությունը գերմանական էր, բայց դրանում ներգրավված էին շատ աշխատակիցներ Շվեյցարիայից ու Սկանդինավյան երկրներից։ Այս ամենով հանդերձ ես կարող եմ հստակ ասել, որ Կիլիկիայի կոտորածների ու Հայոց ցեղասպանության տարիներին դրական գործունեություն ծավալած միսիոներների կողքին կային առնվազն երկուսը, որոնք խիստ բացասական դերակատարում են խաղացել ցեղասպանության տարիներին։ Նրանք են Մալաթիայում գործած Հանս Բաուերնֆանյդը և Ուրֆայում գործած երկու Էքարտ եղբայրներից մեկը։

- Պարոն Մարտիրոսյան, խնդրում եմ համառոտ անդրադառնաք նաև միսիոներների կողմից Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում հիմնած կայանների գործունեությանը։

- Կայանները բավականին շատ են եղել ու ոչ միայն Արևմտյան Հայաստանի տարածքում։ Տարբեր առաքելությունենրի կողմից կայաններ են հիմնվել Մեզիերում, Մարաշում, Ուրֆայում, Մուշում, Վանում, Հարունիեում, Կ․Պոլսում, Դիարբեքիրում, Մալաթիայում և այլն։ Դիարբեքիրում և Ուրֆայում 19-րդ դարի սկզբներին Լեփսիուսի ջանքերով խնամվում էր մինչև 700 երեխա, վերոնշյալ մյուս կայաններում /բացի Մալաթիայից/ Լոհմանի ջանքերով խնամվում էր մոտ երկու հազար երեխա ու մի քանի տասնյակ այրի։ Մալաթիայում խնամվում էին  կույր կամ տեսողության հետ խնդիրներ ունեցող որբեր, նաև չափահասներ Էռնստ Յակոբ Քրիստոֆելի հովանու ներքո։ 

- Ի վերջո, անդրադառնալով Ձեր անձնական գործունեությանը՝ ընթերցող հանրության համար նշեմ, որ կատարում եք հայանպաստ մեծ աշխատանք, սակայն կխնդրեի մանրամասնեիք Լեփիուսհաուսում այս տարիների ընթացքում Ձեր կողմից իրականացրած աշխատանքները՝ նշված խնդիրների շուրջ նոր փաստերի հավաքագրման ու հրապարակման ուղղությամբ։

- Ես անում եմ այնքան, որքան պետք է անի գիտությամբ զբաղվող յուրաքանչյուր անհատ, առավել ևս եթե կա հնարավորություն հետազոտական գործունեությամբ ինտենսիվ զբաղվելու համար։ Գերմանիայում շատ են արխիվները, ես իմ նպատակներից մեկը համարում եմ հնարավորինս շատ արխիվներում լինելը և վերոնշյալ թեմաներով կարևոր ու առաջնային աղբյուրներ հավաքելը։ Բացի այդ, իմ աշխատանքներում կարևոր դեր ունի ժամանակի գերմանական մամուլի ուսումնասիրությունը, որը ևս ես փորձում եմ թվայնացնել ու առանձին դեպքերում հասանելի դարձնել նաև ոլորտով զբաղվող այլ անձանց համար։ Լեփսուսահաուզի 1895-1897 թթ․ արխիվները թվայնացվեցին ու փոխանցվեցին ՀՑԹԻ-ին, հույս ունեմ, որ հետագայում կկարողանանք նաև ավելի շատ արխիվային փաստաթղթեր փոխանցել։ Իրականում թվում է, թե թեման լավ ուսումնասիրված է, սակայն դա այդպես չէ, և անելիքները շատ-շատ են։ 

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը

Generalnews.am