«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանին կլինի 10 թե 50 ռուսական հենակետ, դրանից իրավիճակը չի փոխվի

30/07/2021

Հայ-ադրբեջանական սահմանին ռուսական հենակետերի տեղադրումը չի կարող լինել խնդրի լուծում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ առկա իրավիճակը հաշվի առնելով՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։

«Սա չի կարող լինել հարցի լուծում, որովհետև մենք ունենք սահմանի այնպիսի հատվածներ, որտեղ արդեն իսկ կան ռուսական հենակետեր, մասնավորապես, Գորիսի մոտ, բայց 300 մետր այդ հենակետից անդին կան կրակոցներ, հարձակումներ։ Խնդիրը քաղաքական որոշման մեջ է, ռազմականն ածանցվում է քաղաքականից։ Եթե ռուսական զորքերը չունեն որևէ հրահանգ և քաղաքական պատվեր՝ պաշտպանելու հայերին, դա չեն անի»,- ասաց Արա Պապյանը։

Նա հավելեց․ «Հիմա ի՞նչն է խնդիրը, Ռուսաստանն ի՞նչ է անում։ Շատ պարզ է ամեն ինչ՝ Ռուսաստանի նպատակն է, բազմաթիվ այլ նպատակներով հանդերձ, Ադրբեջանին բերել ԵԱՏՄ, որի մասին խոսվել է։ Դա Լավրովի պլանի մասերից մեկն է։ Բնականաբար, Ադրբեջանը պահանջում է Մոսկվայից, որ դե ֆակտո ռազմական հաղթանակը պետք է դե յուրե ամրագրվի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրով։ Ես ասում եմ՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որովհետև դա խաղաղություն չի բերելու։ Եվ հայ ժողովրդին դա պետք է պարտադրվի սահմանային նման հարձակումներով։ Եվ հիմա դա անում է Ադրբեջանը, բայց վստահաբար, որպես ծրագրի մի մաս, դա անում է Կրեմլի պատվերով»։

Ըստ Պապյանի՝ հետևաբար, սահմանին կլինի 10 թե 50 ռուսական դիրք կամ հենակետ, նրանց վրա հարձակում չի լինի, բայց Ադրբեջանի կողմից հարձակումներ կլինեն հայկական բնակավայրերի վրա։