«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավելի քան հարյուր հազար մարդ փաստացիորեն պատանդի կարգավիճակում է. Նազելի Բաղդասարյան

15/12/2022

2 տարի առաջ այս օրերին Արցախում էի։ Սարսափեցնող մեկ լուրը ստիպեց ժամերի ընթացքում արագ հասնել Ստեփանակերտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ֆիքսված էին երկու երկրների պարտավորությունները, բայց այնուամենայնիվ դեռ 2 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Խծաբերդի եւ Հին Թաղերի տարածքից գերեվարվել էին մի խումբ հայ տղաներ, որոնցից 62-ը Շիրակի մարզից էին։

Հենց այդ օրերին ադրբեջանական կողմը եւս կոպտորեն խախտում էր եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերը` ապօրինի ռազմական գործողություններ իրականացնելով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ գերեվարելով հայ տղաներին։ Հետո մեր եղբայրներին պետք «տեռորիստ» պիտակավորեին, վերագրեին այլ արարքներ, որոնք իրականության հետ աղերս չունեին։ Ցավով արձանագրեմ, որ առ այսօր Շիրակի տղաներից 26-ը շարունակում են մնալ գերության մեջ։

Անց 2 տարի կրկին նույն օրերին ականատես ենք լինում, որ Ադրբեջանը միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունների, եռակողմ ստորագրված փաստաթղթի գրեթե բոլոր կետերի կոպտագույն խախտում է իրացնում։ Այսօր էլ մեկ հումանիտար աղետի ենք բախվում։ Մարդկանց տեղաշարժման, կյանքի ու առողջության իրավունքներն են սահմանափակվում։ Ավելի քան հարյուր հազար մարդ փաստացիորեն պատանդի կարգավիճակում է: Սա ցեղասպան ձեռագիր է, որը պետք է արձագանք ունենա միջազգային հանրության կողմից»,-նշել է նա։