Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները. Պապիկյան
2026 թվականի բյուջեն, եթե համեմատվի նախորդ տարիների բյուջեի ավելացման տենդենցի հետ՝ համապատասխան մեր ընդհանուր բյուջեի ծավալի ավելացման տենդենցին, այն որևէ խախտում չունի՝ բացառությամբ այն տարբերությանը, որ տեղի է ունեցել 2025 թվականին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, ինչն առաջ բերված ծախսեր են: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ Հայաստանն իր ռազմական բյուջեն է կրճատում, և այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ ՀՀ-ն շարունակում է զինվել ա՞յն ինտենսիվությամբ, ինչպես մինչև օգոստոսի 8-ն էր:
«Նույն 2026 թվականի ծախսերի վրա դուք տեսնում եք այդ տարբերությունը, որն իրականում բնական զարգացման տեմպ է, ու այստեղ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա:
Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները: Բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է, և այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ, և, բնականաբար, դա պիտի ունենա իր հետևանքները»,- ասաց նախարարը:
Նա հերքեց հնդկական մամուլում տեղ գտած լուրը, թե Հայաստանը SU-30MKI ինքնաթիռներ է ցանկանում ներկրել։