«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. ինչ են պատասխանել ԱԳՆ-ից․«Ժողովուրդ»

18/09/2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ ձևավորված Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը զբաղված է Մայր օրենքի հիմնական դրույթների փոփոխությամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից պնդում են՝ Սահմանադրությանն առնչվող հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործը:

Օրաթերթն օրեր առաջ հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու, թե ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչ ժամկետում են կողմերը պատրաստվում ստորագրել փաստաթուղթը, ինչպես նաև հետաքրքրվել էինք՝ հայկական կողմը պատրաստվո՞ւմ է կատարել արդյոք Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, որը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական նախապայմանն է համարում Իլհամ Ալիեւը:

ՀՀ ԱԳՆ-ից, լրատվականի հարցին ի պատասխան, հայտնել են. «ՀՀ Սահմանադրությանն առնչվող հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործը»:

Այսինքն՝ մի կողմից արդարադատության նախարարի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այս օրերին նիստեր է անում, քննարկում Մայր օրենքը փոփոխելու հարցը, մի կողմից էլ ՀՀ ԱԳՆ-ից պնդում են, որ դա Ադրբեջանի նախապայմանը չէ:

Ինչ վերաբերվում է բանակցությունների վերաբերյալ հարցերին՝ ԱԳՆ-ից հերթական անգամ խուսափողական պատասխան են տվել. «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շրջանակներում հանրայնացման ենթակա տեղեկատվությունը պատշաճ կերպով և ողջամիտ պահանջներով տրամադրվում է հանրությանը»: