Ուրբաթ, Հունվարի 22, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գագիկ Ջհանգիրյանը «Իմ քայլի» ԲԴԽ անդամի թեկնածուն է

13/01/2021 24

Իշխանական «Իմ քայլի» ԲԴԽ անդամի թեկնածուն Գագիկ Ջհանգիրյանն է։ Որոշումը կայացրել են այսօր, միաձայն՝ նախկին զինդատախազի հետ հանդիպումից հետո։ Ազգային ժողովի նախագահին առաջարկը կներկայացնեն, հարցն էլ կքննարկվի առաջիկա քառօրյային։

Դատական համակարգում Ջհանգիրյանը նոր մարդ չէ, 1997-2006-ին նա զինվորական դատախազն էր, 2006-2008-ն էլ՝ գլխավոր դատախազի տեղակալը։ Նախկին պաշտոնյանն ասում է՝ վերադառնում է մասնագիտական գործին և «Իմ քայլի» առաջարկն ընդունել է՝ հաշվի առնելով նաև, որ մեծամասնության ձայներն են բավարար ընտրվելու համար։

Գագիկ Ջհանգիրյան (ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ) - Ես գործադիր իշխանություն չեմ քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի։

ԲԴԽ-ում վատ մթնոլորտ չկա, մեծ մասն իր ուսանողներն ու կոլեգաներն են՝ ասում է Ջհանգիրյանը։ Բայց որպես դատական անկախությունը երաշխավորող կառույցի անդամի թեկնածու՝ չի մեկաբանում համակարգում եղած խնդիրները։ «Լուրեր»-ի հարցին՝ արդյոք համաձա՞յն է վարչապետի այն ձևակերպման հետ, որ դատական համակարգը պսևդոէլիտայի մաս է, Ջհանգիրյանն արձագանքում է։

Գործադիր ու դատական իշխանությունների միջև եղած անհամաձայնությանը քաղաքական գնահատականներ թեկնածուն չի տալիս, հերքում է նաև լուրերը, թե խոստացել է Բարձրագույն դատական խորհուրդ գործուղվել դատական համակարգը «բուռը հավաքելու» նպատակով։

Գագիկ Ջհանգիրյան - Ես իմ տեսլականը ունեմ, բայց դուք չափազանցեցված բաներ եք ասում, ես ընդամենը ունեմ 1 ձայն:

Իրավական համակարգից Ջհանգիրյանը հեռացավ 12 տարի առաջ, ապա դատապարտվեց Մարտի 1-ից գործով։ Ու հիմա նրա ակնկալվող վերադարձի նախաշեմին ԲԴԽ նախագահը, հղում անելով Սահմանադրությանն ու դատական օրենսգրքին, հայտարարում է՝ Ջհանգիրյանն արդեն 65 տարեկան է, ու ԱԺ-ն չի կարող ԲԴԽ անդամ ընտրել մեկին, որն ունի դատավոր նշանակվելու համար օրենքով նախատեսված տարիքային սահմանափակում։ Մինչդեռ թեկնածուն հակադարձում է՝ այդ սահմանափակումը իր վրա չի տարածվում, նա ԲԴԽ է գնալու որպես իրավաբան գիտնական, ոչ որպես դատավոր անդամ։

Նախկին զինդատախազի թեկնածությանը դեմ են նաև որոշ իրավապաշտպաններ։ Նրանք հիշեցնում են Մատաղիսի գործը, ծառայակիցների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված երեք զինծառայողներին, որ տարիներ հետո արդարացվեցին, ապա այդ գործով ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի վճիռը։ Ջհանգիրյանը, սակայն, «Լուրեր»-ի հարցին ի պատասխան արձագանքում է՝ Մատաղիսի քննությունը վերաբացվել է երկու տարի առաջ, ու եթե իր օրոք իրոք գործեր են կոծկվել, ինչո՞ւ մինչև հիմա մեղադրյալի աթոռին չէ։

Գագիկ Ջհանգիրյանը վաղն էլ է Աժ-ում լինելու, նրա հետ է հանդիպելու է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը»։

Հեղինակ`Անուշ Մուրադյան, 1Lurer.am