«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս գործողությունները ամբողջությամբ ուղղված են նաև Ռուսաստանի դեմ. Տաթևիկ Հայրապետյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

28/03/2022

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներն ինչպե՞ս են մեկնաբանում երկու օր առաջ Արցախի Հանրապետությունում իրականացրած իրենց սադրանքը, և ի՞նչ արձագանքներ կան Արցախի անվտանգության խորհրդի պաշտոնական գրության մասով, որով Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում ռուս խաղաղապահների և ռուսական ռազմական տեխնիկայի թիվն ավելացնելու նպատակով։

– Դիմումի հետ կապված արձագանքների դեռ չեմ հանդիպել, բայց ընդհանուր իրավիճակի մասով կարող եմ ասել, որ նրանք դա որակում են իրենց դիրքերի ճշգրտում, և դրան զուգահեռ շարունակում են նշել, որ իրենք պահանջել են հայկական բոլոր զորամիավորումների դուրսբերում Լեռնային Ղարաբաղից՝ ըստ էության ցույց տալով, որ սրանով փորձում են հասնել դրան։

Իմ դիտարկմամբ՝ նրանք մի քանի նպատակ են դրել իրենց առջև ու փորձում են հասնել դրան։ Պաշտոնական հիմնական դիրքորոշումը սա է։

– Այսինքն՝ պաշտոնական Ադրբեջանը պնդում է, որ դրանք իր տարածքներն են, ու իրենք փորձում են ճշգրտե՞լ դրանք։

– Իրենք ասում են, որ դիրքային ճշգրտումներ են արվում, ու ժխտում են այնտեղ որևէ լուրջ գործողությունների առկայությունը: Կոպիտ ասած՝ իրենց անտեղյակի տեղ են դրել ու իրենց գործողություններն են իրականացնում։

– Ադրբեջանը, ըստ էության, հաշվի չառնելով ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման փաստն Արցախում, դիմեցին սադրանքի։ Ի՞նչ նպատակով գնացին այս քայլին։

– Վստահ եմ, որ ռուս-ուկրաինական իրավիճակն իր ազդեցությունն ունի այս ամենի վրա: Հատուկ գործողության ընթացքում Ադրբեջանն ի սկզբանե հակառուսական դիրքորոշում է որդեգրել քարոզչական առումով, ու այդ դաշտի հիմնական դերակատարները զբաղվում են ակտիվ ապառուսական քարոզչությամբ։

Դրան զուգահեռ Ադրբեջանն ունի մեկ հստակ նպատակ, դա ունեցել է 90-ականներին, հետագայում ևս, ունի նաև այժմ, դա Արցախի հայաթափումն է, այսինքն՝ եթե այնտեղ հայեր չապրեն, հայկական բնակչություն չլինի, ռուս խաղաղապահների մնալն էլ դառնում է անիմաստ, և Արցախի հարցը, կարելի է ասել, Ադրբեջանն իրապես փակում է իր համար։

Հիմա նրանք տարբեր միջոցներով՝ կլինի գազատարի վրա փական տեղադրելով՝ դրանով մարդկանց կյանքը բարդացնելով ու խնդիրներ ստեղծելով, կլինի ռազմական ագրեսիայի կամ սադրանքների տեսքով, փորձում են այնպես անել, որ մեր հայրենակիցներն Արցախում իրենց անվտանգ չզգան անգամ ռուս խաղաղապահների առկայության պայմաններում։

Ահա թե ինչու եթե Ռուսաստանն իսկապես շահագրգռված է, ենթադրում եմ, որ իր շահերից է բխում՝ մնալ տարածաշրջանում և, մասնավորապես, Արցախում, ապա պետք է հավուր պատշաճի արձագանք տրվի, եթե ոչ ռազմական, որովհետև դժվար թե խաղաղապահը մտնի պատերազմական գործողությունների մեջ, առնվազն հնարավորություն ստեղծելով այնտեղ պաշտպանության բանակին՝ պաշտպանելու իր անվտանգությունը ու, միևնույն ժամանակ, իհարկե, քաղաքական հստակ գնահատականներ հնչեցնելու առումով։

– Տիկի՛ն Հայրապետյան, ինչո՞ւ մինչ օրս ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների միջև ընթացող բանակցություններն արդյունք չեն տվել, ու թշնամին չի հեռացել Քարագլուխի մոտակայքից։

– Արդյունք տվել են այնքանով, որ ինչ-որ պահի կասեցվել է նրանց առաջխաղացումը, բայց փաստացի մենք գործ ունենք մարտական գործողությունների, տարբեր զինատեսակների կիրառման հետ, որի հետևանքով նաև զոհեր ու վիրավորներ ունենք։

Արդյունք չի տալիս, որովհետև Ռուսաստանն այժմ մեծապես զբաղված է Ուկրաինայի խնդրով, և այն գնահատականները, որ պետք է հնչեցնի այս առնչությամբ, չի հնչեցնում։ Մյուս կողմից՝ Թուրքիայի գործոնն է այն առումով, որ Թուրքիան ակտիվ նախաձեռնողականություն է ցուցաբերում Ռուսաստան-Ուկրաինա բանակցային գործընթացում, և չեն ցանկանում լրացուցիչ լարվածություն ստեղծել։

Մեր ակնկալիքները, բնականաբար, արդարացիորեն ավելի շատ են ռուս խաղաղապահ ուժերի մասով, բայց մյուս կողմից էլ, միևնույն է, ես մնում եմ այն համոզման, որ մեր երկիրն ու հողը պահողը մենք ենք լինելու, ուրիշ ոչ մեկը չի գալու կռվի մեր տարածքների, մեր անվտանգության համար։

– Ի տարբերություն Ռուսաստանի, որն այս հակամարտության կարգավորման ամենաանմիջական կողմն է, Արցախում նման սադրանքներ թույլ չտալու երաշխավորը, Ֆրանսիան հասցեական ու հստակ կոչ է արել Ադրբեջանին՝ հեռացնել իր զորքը Փառուխից ու հետ գնալ ելման դիրքեր։ Ռուսաստանի կողմից այս հստակ ու հասցեական կոչի բացակայությունը վերլուծաբանների զգալի մասին ենթադրել է տալիս, որ կա ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն այս գործողության կատարման համար։ Ձեր տպավորությամբ և՞ս կատարվողը պայմանավորվածության հետևանք է։

– Այս գործողությունները տրամաբանորեն ամբողջությամբ ուղղված են նաև Ռուսաստանի դեմ, այսինքն՝ այստեղ Ռուսաստանի օգուտը չեմ կարող տեսնել։ Տեսականորեն որևէ մեկի գործարքը մեկ այլ կողմի հետ չեմ բացառում, բայց, փաստացի, Ռուսաստանը միայն տուժում է այս իրավիճակից, հարցականի տակ են դրվում նրանց խաղաղապահ գործունեության արդյունավետությունը, նրանց հեղինակությունը, ու, ընդհանուր առմամբ, հայկական հանրույթում ձևավորվում են հակառուսական տրամադրություններ, անգամ Արցախում, որ պատմականորեն ավելի ռուսական կողմնորոշման կրող է, հասկանալի պատճառներով, բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ինձ համար սա նաև Ռուսաստանի դեմ ուղղված հստակ գործողություն է։

– Ձեր կարծիքով՝ Արցախի Հանրապետության դիմումը ՌԴ նախագահին ի՞նչ արձագանք կստանա, ու ի՞նչ զարգացումներ կարող են հետևել դրան։

– Դժվարանում եմ ասել․ բացառված չէ, որ Ռուսաստանը դիտարկի խաղաղապահ առաքելություն իրականացնող զորքերի թիվը, բայց դա նաև այլ գործընթացներ է պահանջում։ Ուղղակի իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանի ուշադրության 90%-ը ամբողջությամբ ուղղված է ուկրաինական խնդրին, սպասենք՝ այսօրվա զարգացումներից պարզ կդառնա՝ գնո՞ւմ է խնդիրն ինչ-որ հանգուցալուծման, թե՞ չէ։

Ուղղակի դա լինելու է հերթական հրդեհի կարճաժամկետ մարում, ինչ էլ որ լինի։ Իմ դիտարկմամբ՝ Ռուսաստանի շահերից է բխում, որ Արցախում պաշտպանության բանակ լինի, որովհետև մենք չենք կարող խաղաղապահից կռվել ակնկալել, բայց հնարավորություններ ստեղծել, որ մենք մեր տարածքը պաշտպանենք՝ կարող ենք արդարացիորեն ակնկալել, եթե մեզ վրա հարձակվում են։ Ի՞նչ է նշանակում՝ գյուղի վրա հարձակվեն, բնակչությունը վեր կենա ու գնա, երբ հրադադարի վերաբերյալ հայտարարություն կա։

– Տիկի՛ն Հայրապետյան, պատերազմի վերսկսման վտանգ տեսնո՞ւմ եք։

– Բացառել հնարավոր չէ, բայց իմ դիտարկմամբ՝ նրանք այլ գործելաոճ են որդեգրել․ այս մանր թվացող սադրանքներով իրենց խնդիրները լուծում են, ի՛նչ կարիք կա գնալ լայնամասշտաբ պատերազմի, եթե ստեղծում են այնպիսի պայմաններ, որ Արցախի բնակչությունը դուրս է գալիս, իրենց նպատակն էլ հենց դա է։ Այս պայմաններում լայնամասշտաբ պատերազմի սցենարն ավելի քիչ հավանական է, այս գործելաոճն իրենց ավելի ձեռնտու է։

– Հայաստանի Հանրապետության իշխանության գործողությունները համապատասխա՞ն են ստեղծված իրավիճակին։

– Իմ կարծիքով՝ մի կողմից նրանք դա փորձում են համարել ռուսական պատասխանատվության հարց, այսինքն՝ նվազեցնել իրենց պատասխանատվությունը։ Նրանք մինչ այս էլ հնչեցնում էին թեզեր, որ հիմք էր տալիս ենթադրելու՝ իրենք չեն ուզում առնչություն ունենալ Արցախի հարցի քաղաքական ու ռազմական խնդիրների հետ։ Եթե սոցիալական առումով աջակցում են, ապա քաղաքական ու ռազմական առումով փորձում են մինիմալի հասցնել իրենց ներգրավվածությունը, համենայնդեպս, տպավորությունն այդպիսին է, գործնականում չգիտեմ՝ ինչ քայլեր են արվում, որովհետև ինֆորմացիայի պակասը շատ է։

Նրանք պետք է հասկանան, որ ունեն պատասխանատվություն, որովհետև նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը ստորագրող կողմերից մեկը երկրի վարչապետն է եղել։ Այդ պատասխանատվությունն այն չէ, որ գնան, դե յուրե ճանաչեն Արցախն Ադրբեջանի կազմում, այդ պատասխանատվությունն այն է, որ բավականաչափ ինտենսիվ բանակցություններով, ներքին խողովակներով ցույց տան ռուսական կողմին, որ իրենց շահերից է բխում այնտեղ՝ մարտունակ բանակ ասեմ, թե պաշտպանության կամ այլ անվամբ կոչենք, զինված միավորումների առկայությունը։

Դա է միակ երաշխիքը, որ հայերը կշարունակեն այնտեղ ապրել ու անվտանգ կզգան, հակառակ դեպքում մենք իսկապես կանգնելու ենք Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ։