«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեզ մնում է, հողի այս կտորը պահենք, որ նոր բաժանման դառնությունը խորությամբ չճաշակենք. Աշոտ Ներսիսյան

04/07/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Հայ քաղաքական գործիչներ, այսպես կոչված վերլուծաբաններ, քաղաքագետներ կամ փորձագետներ, կարծում ենք, որ բավական է գիշեր-ցերեկ խոսել քաղաքական կողմնորոշումներից, Եվրոպայի կամ Ռուսաստանի հետ լինելու կամ չլինելու անհրաժեշտությունից: Դուք սայլի հինգերորդ անիվի կարգավիճակ էլ չունեք: Ձեր մատնանշած կողմնորոշումները դուք չեք որոշում, որոշողները առանց ձեզ հաշվետու լինելու կպարտադրեն այն, ինչ հարմար կգտնեն: Եվ վաղուց, շատ վաղուց է այդպես, 4-րդ դարի սկզբներից, երբ մեր ձեռքից խլեցին հայկական կողմնորոշումը: Հիմա Հայաստանում, նույնիսկ ամենավերին օղակներում մեր խորին համոզմամբ կան անձինք, որոնք տարբեր ուժերից են ուղորդվում: Քաոսային մի վիճակ է և ամեն մի կենսական խնդիր փակուղուց դուրս չի գալիս: Ամեն օր մի «վայ վերլուծաբան» է հայտնվում, ոչ մի կանխատեսում իրականացած չտեսած հները նոր հնարքներ են կիրառում ժողովրդին ապակողմնորոշելու համար, բայց Արևմուտքն ու ԱՄՆ-ն բոլորովին այլ զարգացման ճանապարհին են, մեզ որպես բարեկամ ընդունված Մակրոնը տանուլ է տալիս, Բայդենը ցայտնոտի մեջ է, կտեր կամ փողեր կերած Զելենսկին շեն երկրի ավերման գործիքը դառնալով, ռուսների հետ բանակցելու միջնորդ է փնտրում: Արևմուտքը տանուլ է տալիս, Իսրայելն ինչքան էլ ուժեղ, չի կարող երկար շարունակել պատերազմը. նրա ռեսուրսներն արաբական աշխարհի, Իրանի, իսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո նաև Ռուսաստանի հակազդեցության դիմաց կսպառվեն: Այս տարածաշրջանում Արևմուտքի խաղերը հակառուսական հուժկու քարոզչության զուգորդությամբ, կավարտվեն, և սա ցույց է տալիս պատմության փորձը, ռուսական ազդեցության լիովին վերահաստատմամբ: Այս պայմաններում հայ ներքաղաքական դաշտում միայն հայհոյանքներ են լսվում: Մեր ժողովդին ամեն օր պատերազմով են վախեցնում գործակալները: Քաղաքականությունից են խոսում անձինք, որոնք երկու էջ չեն կարդացել քաղաքականությունից ու պատմությունից: Ամեն օր խոսվում է խաղաղության պայմանագրից, բայց արդեն չենք հիշում, թե որերորդ անգամ ենք շեշտում, որ այն չի կնքվի: Ալիևին ոչ մեկն այդ չի թողնի: Սահմանազատումն էլ կկասեցվի, քանի որ դա էլ երկու կողմից չի կախված: Աշխարհն ուզում է գնալ համաձայնության, մենք դեռ պատերազմի ծրագրում ենք ենթադրում,Ալիևին փղի տեղ ենք դրել, մոռանալով, որ այդ փղի ոտքերը կավից են: Փաշինյանին էլ իշխանությունից դժվար է հեռացնելը, ինչքան էլ դա շատերն համարեն օրերի խնդիր: Ցավոք, օտարապաշտությունը, փողը, ընչաքաղցությունը ոտնահարում է ամեն մի ազգային արժեք, փրփուրից բռնելը մարգարիտ գտնելու հետ է շփոթվում: Խզմալյանի նվաղուն ձայնն էլ, եկեք տեսեք, որ այն աստիճան դյութական չի դառնում, որ ԵՄ-ն մեզ սիրառատորեն գրկի: Մեր հարևանների հետ մեր խնդիրը օվկիանոսից այն կողմ կամ ԵՄ-ում չեն լուծի: Մենք կորցրել ենք մեր ապագայի բանալին, որի գտնելու հետքերի վրա թվում է,թե մի պահ դուրս էինք եկել: Այսինքն, չգտած կորցրել ենք:

Մեզ պետք է հողի այս կտորը պահենք, որ նոր բաժանման դառնությունը խորությամբ չճաշակենք: Սա է մեզ մնում, որը շատ դժվար,բայց դեռևս հնարավոր կարող է լինել: Մնացած բաներին ականջ կախել պետք չի: Կամ պարապ են, կամ փող են աշխատում: