«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գեղարքունիքում ավտոմեքենա է այրվել․ սեփականատերը պնդում է՝ այն հրկիզել են

09/04/2021

Ապրիլի 9-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «3-րդ պասյոլոկում»՝ Լեռնագործների փողոցի թիվ 25 շենքի դիմաց, ավտոմեքենա է այրվում։  
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են Mercedes 600 մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենայում բռնկված կրակը։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Պարզվել է՝ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, և բեռնախցիկի հատվածը, այն դարձել է ոչ շահագործելի։ Աղբյուրի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատեր Լիլիթ Ադյանն ասում էր. «Սա միտումնավոր է այրվել, ու հիմա Վարդենիսի ոստիկանները փորձում են սարքեն, թե իբրև ավտոմեքենան անսարքության հետևանքով այրվել է։ Դա սուտ է, մեքենայի վրա բենզին են լցրել և այն հրկիզել։ Երջանիկ պատահականությամբ և շնորիվ հրշեջների օպերատիվ գործողությունների՝ կրակը գազաբալոնին չի հասել։ Եթե այն պայթեր, վնասը ոչ միայն ավելի մեծ էր լինելու, այլ նաև հնարավոր է՝ տարածվեր ու վնասեր գազատար խողովակները, քանի որ դրսում՝ ավտոմեքենայի հարևանությամբ, մի քանի թաղամաս սնուցող գազախողովակ է անցնում։ Չգիտենք՝ ինչու է Վարդենիսի ոստիկանությունը ոտի վրա նման եզրահանգման եկել, որ սա միտումնավոր չէ, թե՞ իրենց այդպես է ձեռք տալիս։ Մենք նույնիսկ անուններ ենք տալիս, թե ովքեր են հնարավոր հրկիզողները։ Չեն ուզում օբյեկտիվ քննություն կատարեն։ Եթե տեղի ոստիկանությունը օբյեկտիվ քննություն չկատարի, դիմելու ենք ՀՀ ոստիկանապետին, քանի որ Վարդենիսում նմանատիպ բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել և բոլոր գործերում ծածկադմփոց են ցուցաբերել»։
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում։