«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գորիսը մի ելուստի նման մխրճված է․ Մեր խնդիրն է, որպեսզի վտանգի դեպքում որպես համայնք կարողանանք ինքնակազմակերպվել

22/11/2021

Lragir.am-ի զրուցակիցն է Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի անդամ, Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը

Պարոն Սարգսյան, Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հայտարարել է Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծման մասն։ Ի՞նչ է ենթադրում այն։

Ընդհանուր մտահոգություն կա անվտանգային խնդիրների վերաբերյալ, և մենք ստեղծում ենք այդ խորհուրդը, որպեսզի նպաստենք անվտանգային խնդիրների լուծմանը։ Նաև բնակչությանը զգոնության կոչ ենք արել, որ անհրաժեշտության դեպքում խուճապի չմատնվեն, իրենց տներում ստեղծեն ապաստարաններ։ Եվ ամենակարևորը, աշխատանք ենք տանում, որպեսզի որևէ մեկը չլքի համայնքը։ Խոսքը վերաբերում է Գորիսի տարածաշրջանին, հատկապես Գորիս քաղաքին։ Նաև կարևորում ենք քաղաքում գիշերային հերթապահությունը, քանի որ նկատելի է՝ գիշերային ժամերին պարեկային ծառայությունը թերի է իրականացվում։ Մենք կաջակցենք, կօգնենք և կպահանջենք, որպեսզի պատշաճ հսկողություն իրականացվի, օրինակ, ջրամբարներում, ճանապարհներին և գիշերային ժամերին։ Համայնքը մոտ է գտնվում շփման գծին, և հնարավոր է ցանկացած պրովոկացիա ու դիվերսիա։

Ձեր բարձրացրած հարցերից մեկին էլ բնակչությանը զենք տրամադրելն է։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի լուծումը։

Մենք հայտարարել ենք նաև, որ պետք է այնպես անել, որ մարդիկ կարողանան հեշտությամբ զենք ձեռք բերել։ Մենք կարծում ենք, որ հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը, իհարկե, նրանք, ովքեր տիրապետում են զենքին և լրջախոհ են, պետք է կարողանան զենք ձեռք բերել։ Հայ մարդը Հայաստանում պետք է տիրապետի զենքին։ Տասնամյակներ շարունակ դրան ուշադրություն չի դարձվել։ Այսօր գտնում ենք, որ դա հրատապ անհրաժեշտություն է։ Մարդիկ ոչ միայն զենքին պետք է տիրապետեն, այլ նաև կարողանան առաջին բուժօգնություն ցույց տալ։ Այսինքն՝ զուտ քաղաքացիական պաշտպանության հարցեր ենք բարձրացնում, մենք հայտարարել ենք, որ քաղաքական ոչ մի ուժի չենք հարում, մեր գործունեությունն ապաքաղաքական  է, և մեր խնդիրն է, որպեսզի վտանգի դեպքում որպես համայնք կարողանանք ինքնակազմակերպվել։

Դրական արձագանք ենք ստացել համայնքի բանկիչների կողմից, ինչը նշանակում է, որ ինքնակազմակերպման անհրաժեշտությունը կա։ Մենք նաև մեր աջակցությունն ենք առաջարկում պատկան մարմիններին և պահանջում, որպեսզի յուրաքանչյուրը կատարի օրենքով իր վրա դրված պարտականությունները։ Մենք կարևորում ենք տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը։ Թեև հայտարարել ենք, որ քաղաքական ենաթատեքստ չունի մեր նախաձեռնությունը, բայց նաև կոնկրետ ես կոչ եմ արել ու պահանջել, որպեսզի դատական իշխանությունները հաշվի առնեն ստեղծված իրավիճակը և փոխեն համայնքի կալանավորված ղեկավարների խափանման միջոցը։ Թող նրանք լինեն ազատության մեջ, և եթե խնդիր ունեն իրավական ճակատում, նրանք պատասխան կտան։ Պարզապես այդ արտակարգ իրավիճակի պայմաններում շատ խոհեմ կլինի, որպեսզի մարդկանց ազատ արձակեն, եթե այս ամենում չկա քաղաքական ենթատեքստ, թող ապացուցեն։

Այսօր ի՞նչ վտանգ եք տեսնում Սյունիքի համար։

Դա կույրն էլ է տեսնում, որ հստակ դրված է միջանցքի հարց։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է եղել, որ ադրբեջանցիները կարող են անարգել անցնել Նախիջան։ Թեև «միջանցք» տերմինն օգտագործված չէ հայտարարության մեջ, բայց գրված է, որ անարգել կարող են անցնել։ Նրանք էլ ասում են՝ անարգել նշանակում է, որ չպետք է ճամփին լինի մաքսակետ։ Մեր հասարակությունը մերժում է միջանցքի գաղափարը։ Նոյեմբերի 9-ին ստատուս քվոն փոխվեց, նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում։ Վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ նրանք պատրաստ են զենքի ուժով հարցը լուծել։ Արդեն ամիսներ շարունակ ադրբեջանցիներն օկուպացրել են Գորիսի մեձակա հյուսիսային շրջանը։ Իսկ նոյեմբերի 16-ի դեպքերը ցույց տվեցին, որ ամեն րոպե կարող են ռազմական գործողություններ սկսվել։ Ուստի, մենք՝ որպես հասարակություն, որպես համայնք, պարտավոր ենք այդ իրավիճակի դեպքում ինքնակազմակերպվել։ Բանակն իր գործը կանի, մենք կկանգնենք բանակի թիկունքին, պետական իշխանությունն իր գործը կանի։ Մենք պատրաստ ենք բոլոր ուժային կառույցներին թիկունք կանգնել, ամենակարևորը, խուճապի չմատնվել, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չստեղծենք իրենց պարտականությունները կատարող ուժերի համար։

Սահմանազատման-սահմանագծման աշխատանքներն սկսելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են լինում իշխանությունների կողմից՝ մեջբերելով ԽՍՀՄ քարտեզները։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին։

Դա լուրջ և միջազգային իրավունքի ոլորտի հարց է։ Կարծում եմ՝ թույլ տրված սխալներն այսօր ավելի բարդ իրավիճակ են ստեղծել մեզ համար։ Օրինակ՝ այն հանգամանքը, որ Հայաստանն իրեն հռչակել է ոչ թե Առաջին հանրապետության իրավահաջորդ, այլ Սովետական սոցիալիստական հանրապետության։ Անգամ Առաջին հանրապետության ժամանակ հայ-ադրբեջանական փոխանդարձ ընդունելի և միջազգայնորեն ճանաչված սահման չի եղել։ Ընդհակառակը, հենց Առաջին հանրապետության ժամանակ աշխարհը ճանաչել է Հայաստանի արևելյան հատվածները՝ և դաշտային Ղարաբաղը, և Լեռնային Ղարաբաղը, և Գարդմանը՝ որպես Հայաստան։ Էլ չեմ խոսում Նախիջևանի մասին։ Պարզապես այդ տարածքները Մոսկվայի պայմանագրով առանց Հայաստանի կամքը հարցնելու հանձնվել են Ադրբեջանին։ ԽՍՀՄ ժամանակ մեկ ընդհանուր պետություն է եղել, իսկ այժմ ուրիշ իրավիճակ է։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո կոնկրետ Գորիսից սահմանը 150-200 կմ հեռավորության վրա էր, բայց այսօր մենք անզեն աչքով տեսնում ենք, որ Գորիսը մի ելուստի նման՝ որպես թերակղզի, մխրճված է։ Ցավալի պարտություն ենք կրել, և հակառակորդը փորձում է կապիտալիզացնել իր հաղթանակը, մի բան, որը մենք չենք արել անխոհեմաբար ու կանգնել ենք այսպիսի տխուր իրականության առջև։

Այստեղ կա նաև ավելի կարևոր հարց՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Փաստորեն մենք քաղաքականապես կորցրել ենք Արցախը։ Եվ սահմանազատման-սահմանագծման դեպքում նշանակում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ի դեպ՝ Ադրբեջանն էլ իրեն Առաջին հանրապետության իրավահաջորդ է համարել, և այստեղ շփոթ կա։ Եվ եթե մեր դիվանագիտական միտքն աշխատի, հնարավոր է մանևրել։ Միջազգային կառույցների հետ համագործակցելով՝ մեր դիվանագիտական կորպուսը պետք է լուրջ աշխատանք իրականացնի։ Այս անորոշության, հակասությունների հետևանքով կարող են նորից ռազմական բախումներ լինել, ինչը մեր շահերից չէ՝ հաշվի առնելով վերջին պատերազմում մեր կորուստները։ Այսինքն՝ հեռատեսություն պետք է դրսևորվի։