«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը կանգ չի առել․Արարատ Միրզոյան

08/02/2023

Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ ցույց են տալիս, որ բանակցային գործընթացը կանգ չի առել և շարունակվում է։  Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուզում եմ վերահաստատել այն, ինչ ասել եմ Բեռլինում՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են, և կողմերը մի քանի փուլով փոխանակվում են առաջարկություններով, մեկնաբանություններով, հիմնավորումներով, ապա նոր փուլերով նոր առաջարկություններ են լինում և այսպես գործընթացը ենթադրաբար պետք է առաջ տարվի։ Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում նախարարների հանդիպումներ, որտեղ քննարկվում են այս առաջարկները։ Իսկապես հնարավոր չգտանք մասնացել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին պլանավորված հերթական քննարկմանը՝ ակնհայտորեն Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից ելնելով, բայց ինչպես նշել եմ արդեն, չմասնակցելով, միևնույն է, մեր առաջարկները փոխանցել ենք հեռավար կարգով: Եվ ահա 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկները։ Ըստ էության, քննարկման փուլում ենք։ Սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել, մեկնաբանությունները և առաջարկները շարունակվել են փոխանակվել, և այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա»,- ասաց Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նպատակահարմար չի համարում առաջարկությունների բովանդակությունը հրապարակել, որովհետև խոսքը դետալների և բանակցային գործընթացնի մասին է։

«Եվ հետո կողմերի դիրքորոշումները զանազան հարցերի շուրջ տարբեր փուլերում որոշ դեպքերում մոտենում են միմյանց, որոշ դեպքերում շարունակում են մնալ իրարից բավականին հեռու։ Հետևաբար, քաղաքական առումով նպատակահարմար չի վերցնել առանձին որևէ դետալը և ասել, թե այս պահին ինչպիսին են կողմերի դիրքորոշումները այդ հարցի շուրջ, որովհետև վաղը կարող է բոլորովին այլ պատկեր լինել։ Կրկնում եմ՝ որոշ հարցերում մեզ մոտեցնել հնարավոր է եղել, բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերը այս գործընթացում, և այդ հարցերի մասին, կարծում եմ, հրապարակավ բազմիցս խոսել ենք»,- ավելացրեց նախարարը։

Ինչ վերաբերվում է  Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չկայանալուն և հետագայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև երկկողմ հնարավոր հանդիպումներին, Միրզոյանը նախ հիշեցրեց, որ հայկական կողմը չի չեղարկել Մոսկվայում հանդիպումը, այլ հետաձգել է։

«Ինչպես այս ձևակերպումը թույլ է տալիս եզրակացնել, մենք որոշակի հարմար պահի կգործարկենք այդ հետաձգված հանդիպումը։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, հանդիպումները կարող են տեղի ունենալ այլուր։ Եթե հետևել եք հետագծին, մենք տարբեր մայրաքաղաքներում և տարբեր քաղաքներում ենք այսպիսի հանդիպումներ ունեցել։ Կուզեի ասել, որ արդարացի կլինի նկատել, որ քաղաքի վայրի ընտրությունը, իհարկե, կարևոր է, բայց նաև չափազանց էական ազդեցություն, մեծ հաշվով, գործընթացի վրա չունի։ Եվ այս առումով պատրաստ ենք հերթական հանդիպումը անցկացնել Մոսկվայում»,- եզրափակեց Միրզոյանը։