«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի դեմ պայքարի միակ միջոցը վերջինիս միջազգայնորեն ահաբեկչական հայտարարելն է․ հայտարարություն

17/09/2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«2022 թ․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիան հերթական օղակն էր այն հստակ պնդման, որ Ադրբեջանը չունի այլ ունակություն, քան խնդիրները լուծել ռազմական ուժով և այս ճանապարհին պատրաստ է ոտնահարել ցանկացած արժեք՝ սկսած մարդու իրավունքի բարձրագույն արժեքից մինչև տարածքային ամբողջականության խախտում և ռազմական օկուպացիա։
Նման գործելաոճը բնորոշ է Ադրբեջանին վաղուց ի վեր։ Հայությունն ամենևին չի մոռացել այն պարզ ճշմարտությունը, որ 1988 թ․ Լեռնային Ղարաբաղի արդարացի պահանջին սպառնալու և ճնշելու նպատակով Ադրբեջանը կազմակերպեց Սումգայիթի հայության ցեղասպանությունը՝ դրանով իսկ ցույց տալով հայության տարբեր զանգվածների նկատմամբ ունեցած իր միահամուռ մոտեցումը՝ ենթարկել ջարդի, կոտորածի, բռնի տեղահանման, դրսևորել ռասիզմի բարձրագույն մակարդակ՝ առանց տարիքի և սեռի խտրության։ 1988 թ․-ի սումգայիթյան բռնություններից հետո թեև փոխվել է ադրբեջանի խորհրդային վարչակարգը, սակայն վարչակարգի փոփոխությունը էականորեն չի ազդել այն հասարակության հոգևոր-բարոյական համոզմունքների վրա, որը շարունակաբար վերարտադրում է բռնապետական ռեժիմներ։ Նման վերարտադրությունների արդյունքը եղավ 1992 թ․ Մարաղայի կոտորածը, 2016 թ․ ապրիլյան պատերազմը, 2020 թ․ 44-օրյա պատերազմը, 2022 թ․ սեպտեմբերյան պատերազմը, 2023 թ․ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։

Նշված և բազմաթիվ այլ իրողություններ ցույց են տալիս ադրբեջանական ռեժիմի պատերազմապաշտ բնույթը, որը ուղիղ հակասության մեջ է գտնվում մարդկության քաղաքակրթական նվաճումներին՝ մարդու իրավունքների հարգմանը։ Դժվար չէ այդուհետ եզրակացնել, որ Ադրբեջանի դեմ պայքարի միակ միջոցը վերջինիս միջազգայնորեն ահաբեկչական հայտարարելն է՝ միջազգային իրավունքով սահմանված բոլոր հետևանքներով հանդերձ։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակին։ Մենք մեր զորակցությունն ենք հայտնում մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր ստիպված են կրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները կամ ապրել այդ սպառնալիքների պայմաններում։ մենք պահանջում ենք միջազգային հանրությանը հավուր պատշաճի գնահատականներ տալ Ադրբեջանի վարքին՝ որպես ահաբեկչական կազմավորման, ինչը կարող է հանդիսանալ հայության ոտնահարված իրավունքների արժանապատիվ վերականգնման ճանապարհի»։