«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արծվաշենը մեր տարածքն է, ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել դրա վերադարձի մասին. Ռուբինյան

11/11/2025

Արծվաշենը մեր տարածքն է, ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արծվաշենի վերադարձի անհրաժեշտության մասին, ես չեմ կարող չխոսել Արծվաշենի մասին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Ընդ որում ոչ միայն Արծվաշենի, Ջերմուկի հատվածի տարածքների մասին, Սյունիքում հատվածներ կան, Տավուշում հատվածներ կան»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ եթե անկլավներն անցնեն Ադրբեջանին, մենք ճանապարհների ենթակառուցվածքների խնդիրներ ենք ունենալու, Ռուբինյանն ասաց. «Այդ հարցերը ենթակա են քննարկման սահմանազատման հանձնաժողովում, և այդ հարցերի հետ կապված, արդեն երբ սահմանազատումը հասնի այդ հարցերին, կողմերը կորոշեն այդ հարցին ո՞նց անդրադառնան։ Տեսականորեն, եթե փոխանակման որոշում լինի, դա հնարավոր է անել միայն հանրաքվեով»։

Անդրադառնալով տեսակետին, որ նախկին իշխանությունների օրոք Արցախը հայկական էր, այսօր՝ ոչ, Ռուբինյանն ասաց. «Երբ Արցախը հայկական էր, այնտեղ ապրում էին հայեր, մենք առաջարկում էինք ճանապարհ։ Երբ մենք հայտարարեցինք, որ նշաձողը պետք է իջեցնել, այդ թվում Քոչարյան Ռոբերտը, Սերժ Սարգսյանը, մյուսները, Դաշնակցությունը, Լեռնային Ղարաբաղում իրենց հետ աֆիլացված ուժերը, մեզ դատապարտում էին դավաճանականության մեջ։ Իրենք ի՞նչ արեցին, այնպես արեցին, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ընտրեցին նախագահ Լեռնային Ղարաբաղում, այստեղ Երևանում հանրահավաք էին անում։ Ռոբերտ Քոչարյանը լրագրողին ասաց, որ տեղի ունեցածը շատ լավ է, հուսով ենք՝ նույնը Հայաստանում կլինի։

Հայկ Մամիջանյանը այստեղ Ազգային ժողովում ասում էր՝ և կհնչի զանգը, ու ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց»։

Պնդմանը, որ 10-15 օրվա իշխանությունը չէր կարող իրավիճակ փոխել, Ռուբինյանը հակադարձեց. «Եթե 10-15 օրվա իշխանությունը չէր կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը, այդ ո՞նց են իրենք 30 տարի երկիրը կառավարելուց հետո, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ աճում է, հետո մենք գալիս ենք իշխանության մեկ ու կես տարվա մեջ պատերազմ է լինում, այդ նույն անալոգիայով, մենք մեղավոր ենք, որ պատերազմ է սկսել, բայց իրենք մեղավոր չե՞ն»։