Ուրբաթ, Սեպտեմբերի 24, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԻՆՉՈՒ ԵՆ ԿՐԱԿՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԸ․ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

28/07/2021

Թշնամին դարձյալ կրակում է։ Վերլուծաբանները յուրովի են մեկնաբանում այս փաստը։ Արևմտամետները ատելությամբ են խոսում ռուսների մասին, ռուսամետները` Արևմուտքի։ Հայ քաղաքական միտքն այդպես էլ  չի առողջանում։ Ֆրանսիայի նախագահի հայանպաստ արտահայտությունները ընկալվում են բացարձակ ճշմարտություններ։ Եվրոմիության կողմից մեզ հատկացվելիք  2,6մլդ․ եվրոն դիտվում է Արևմուտքի՝ հօգուտ մեզ բացահայտ քաղաքական միջամտության նախաքայլ այս տարածաշրջանում։ Արևմուտքը ելնելով իր՝ մեր  տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու ծրագրերից, Մինսկի խմբով բանակցությունները վերսկսելու կոչ է անում։ Թուրքիայի հեռուն գնացող նպատակները զսպելու, նրա և ԱՄՆ  ձգտումները ուղիղ համամեմատական չեն մեր ցավոտ խնդրի լուծմանը։ Մենք մի աննշան գործոն ենք այդ հարաբերություններում՝   մեր չարչրկված ցեղասպանության  և Արցախի հարցով։ Մոռացվում է այն պարզ ճշմարտությունը, որ Արևմուտքը միշտ էլ եղել է կողմնակիցը գրավյալ տարածքները Ադրբեջանին զիջելու, նա վաղուց է հաշտվել այն մտքի հետ, որ այս տարածաշրջանում թելադրողը ռուսն է։ Ով փորձեց նրանից պոկվել՝ կորցրեց իր համար կենսական շատ տարածքներ /Վրաստան, Ուկրաինա/։ Հիշենք, որ մեր պաշտելի Վիլսոնը դանդաղում  էր  ՀՀ հարցում կոնկրետ լուծումների գնալ,  քանի որ սպասում էր քաղաքացիական պատերազմից հետո Ռուսաստանի արձագանքին և սահմանազատում կատարեց միայն այն ժամանակ, եթբ թուրքը Ալեքսանդապոլում էր, իսկ կարմիր ռուսը մտնում էր Քարվանսարա, այն ժամանակ, երբ այն գռոշի արժեք չուներ։ Իսկ հիմա հարց՝  ինչպե՞ս է այդ Արևմուտքը հետ բերելու մեր տարածքները։ Եթե շատ է մտահոգ՝ ինչու՞ չի ճանաչում  ԼՂ  անկախությունը։ Ռուսաստանը ստիպված հայտարարում է, որ դեմ չէ Մինսկի խմբով բանակցությունների վերսկսմանը։ Նա աշնանային պատերազմում իրականացրեց Էրդողանի և Ալիևի հետ պայմանավորվածը։ Այժմ  գրավածը հե՞տ պետք է տա , ի՞նչ է։ Որևէ ժողովուրդ կա արդյո՞ք մեզանից բացի, որ իր արտաքին քաղաքականության մեջ մշտապես  պահի <<հակա>> նախածանցը։ Եթե կա էլ՝ ապա հո՞ միամիտ չի, որ բարձրաձայնի այդ մասին։ ՄԱԿ – ի Անվտանգության խորհուրդ Արցախի հարցով դիմելու Մակրոնի հորդորը մեծ ոգևորություն է առաջ բերել  շատերի մոտ։ Բայց այդ Անվտանգության խորհուրդը զորքեր պե՞տք է իջեցնի մեր սահմաններին և պահի դրանց անձեռնմխելիությունը  ադրբեջանցիներից։ Դրան հավատացողները սրբեր ե՞ն, թե՞ սատանաներ։ Մենք շատ  լավ գիտենք Ռուսաստանի դերը մեր ժողովրդի կյանքում։ Բայց Դուք՝ հակառուսներդ  ձեզ հարց չե՞ք տալիս, որ եթե  ձեր  ատելի Ռուսաստանը մի պահ մարտավարական քայլ անի՝ թողնելով իր խաղաղապահների պահած դիրքերը, ի՞նչ կլինի այնուհետև։ Արցախում հայ  չի մնա, ազերին անմիջապես կհայտնվի մեր սահմանին և մենք նորից կընկնենք ռուսների ոտքը։ Հաստատ ֆրանսիացին այստեղ ոտք չի դնի․ իր ինչի՞ն է պետք։ Միթե սա քաղաքական մտածողություն է։ Պահի ճիշտ ընկալմամբ ռուսներին չխրտնեցնելը ովքեր դիտում են ռուսասիրություն, թող հիշեն, թե ինչ դրդապատճառներով են դարձել արևմտասերներ։  Միգուցե Եվրոպայի ակտիվացման պատճառով են նրանք կրակում սահմանին՝ մեզանից նորանոր զոհեր խլելով և ռուսների հետ պայմանավորված։ Նորից ընկել  ենք պատրանքների գիրկը  և արդեն ոմանք  պատկերացնում են այս տարածշրջանը Եվրոպական գոտի։ Աշխարհը մանկապարտեզ են պատկերացնում, իսկ մեզ մանուկներին խաղացնող։ Կուր –արաքսյան հանրապետությունն ստեղծեցինք և կործանեցինք, Արցախի հանրապետությունից բան չթողեցինք, գլուխներս էլի է ցավում։ Չէ, մենք սթափվողը չենք։