«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2021 թ. ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը

05/11/2020

2021 թվականից ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը՝ ԱԺ-ում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Սերբիայի հետ ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր մինչ այժմ ունեցել է ԵԱՏՄ անդամ երեք երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետություններ: Ըստ նրա՝ բազմակողմ համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա միանալ արտոնյալ ռեժիմին, ստեղծել առավել բարենպաստ պայմաններ Սերբիայի տնտեսական տարածքում։

Նախարարի խոսքով՝ կարևոր է այդ ամենի արդյունքում որոշակի քվոտային կարգավորումների առումով հնարավորությունը: «Առավելապես բարենպաստ ռեժիմ ենք պայմանավորվել հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով առանձնահատուկ մրցունակ է Հայաստանի տնտեսությունը՝ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտի արտադրանքի արտահանման պայմաններ»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ հաջորդ տարի ուժի մեջ կմտնեն նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրի, ծառայությունների և ներդրումների մասին համաձայնագիրը:

Նախարարը նշեց, որ ապրանքատեսակների համար նախատեսվում է մաքսատուրքերի 0 տոկոս դրույքաչափի կիրառում, իսկ Սինգապուրը համաձայնագրով պարտավորություն է ստանձնել չկիրառել մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող ապրաքներ իր երկրի տնտեսական տարածք ներմուծելու դեպքում:

Խաչատրյանը հայտնեց, որ 2021 թվականին կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները և նախատեսվում է համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի:

«Կան մի շարք երկրներ, որոնց հետ բանակցությունները կունենան ընթացք տարվա աշխատանքային պլանով նախատեսված և շոշափելի առաջընթաց։ Դրանք են՝ Հնդկաստան, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ինդոնեզիա, Ալժիր, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասաց նախարարը:

«Մենք եկող տարվա ընթացքում արդեն կունենանք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ ապրանքների տեղաշարժի նոր ռեժիմի կիրառություն։ Դա նավիգացիոն կապարակնիքների առկայության պարագայում ավելի պարզեցված տեղաշարժն է ապրանքների՝ սահմանային հատումների: Դա թույլ կտա, որ մեր առևտրի համար կենսական նշանակություն ունեցող Լարսի անցակետում մեր ապրանքները դեպի Եվրասիական տնտեսական միության տարածք տեղաշարժվեն ավելի արագ՝ առանց մաքսային հսկողության ներկայում կիրառվող որոշակի գործառույթների ենթարկվելու», - ասաց նախարարը՝ հավելելով, որ Իրանի հետ էլ նախատեսում են 2021 թվականին սկսել աշխատանքներ՝ ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ։