Փոքր պետություն, մեծ հարթակ․ ինչպե՞ս Երևանը դարձավ եվրոպական դիվանագիտության կենտրոն. Վահե Պողոսյան
Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն առաջին հերթին Հայաստանի համար կարևոր էր որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի և սուբյեկտայնության ամրապնդման հարթակ։ Այս ձևաչափը, որը նախաձեռնվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, միավորում է ոչ միայն ԵՄ անդամ երկրներին, այլև եվրոպական ավելի լայն քաղաքական տարածքը։ Երևանում նման մակարդակի միջոցառման անցկացումը նշանակում է, որ Հայաստանը սկսում է ընկալվել ոչ թե պարզապես «սահմանային երկիր», այլ որպես քաղաքական երկխոսության կենտրոն Հարավային Կովկասում։ Սա ուժեղացնում է Հայաստանի դիրքերը թե՛ Եվրոպական միության հետ հարաբերություններում, թե՛ տարածաշրջանային գործընթացներում՝ հատկապես անվտանգության և հաղորդակցությունների հարցերում։
Միաժամանակ, գագաթնաժողովը նաև ունի պրագմատիկ արդյունքների պոտենցիալ․ այն բացում է դռներ նոր ներդրումային ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման և քաղաքական աջակցման համար՝ հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է վերաիմաստավորել իր անվտանգային ճարտարապետությունը։ Եվրոպական քաղաքական համայնքը չի հանդիսանում ինստիտուցիոնալ կառույց պարտադիր որոշումներով, բայց այն ստեղծում է քաղաքական միջավայր, ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի համար՝ տարածաշրջանային հակամարտությունների հարցում իր դիրքերը ներկայացնելու և միջազգային աջակցություն ձևավորելու տեսանկյունից։ Գագաթնաժողովի անցկացումը Երևանում նաև սիմվոլիկ ուղերձ էր՝ որ Հայաստանը դիտարկվում է որպես կամուրջ Եվրոպայի և հարակից տարածաշրջանների միջև։
Վահե Պողոսյան, ք.գ.թ., «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի» ավագ գիտաշխատող