«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սիմֆոնիկ Երևան» փառատոնը կնպաստի մայրաքաղաքում մշակութային առավել հագեցած միջավայրի ձևավորմանը

12/08/2022

Օգոստոսի 12-25-ը կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը, որի համերգները կկայանան «Առնո Բաբաջանյան», «Արամ Խաչատրյան» համերգասրահներում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), Երևանի քաղաքապետարանը։

Այս օրերին ակադեմիական երաժշտության սիրահարները կարող են դասական երաժշտության երեկոներ վայելել Երևանի տարբեր համերգասրահներում։

Կամերային և սիմֆոնիկ 14 համերգների ընթացքում կներկայացվեն տարբեր ժամանակների դասական հեղինակների ստեղծագործություններ։ Ունկնդիրը կվայելի Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Պյոտր Չայկովսկու, Ֆրանց Շուբերտի, Էդվարդ Գրիգի, Էդվարդ Էլգարի, Սեմյուել Բարբերի, Ֆրանսիս Պուլենկի և բազմաթիվ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Կներկայացվի նաև հայ կոմպոզիտորական արվեստը՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, Ղազարոս Սարյան, Ջոն Տեր-Թադևոսյան, Ալեքսանդր Հարությունյան, Էդուարդ Հայրապետյան, Էդգար Հովհաննիսյան, Տիգրան Մանսուրյան։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ Երևան են հրավիրված հայտնի արտիստներ, ելույթ կունենան նաև հայ երաժիշտներ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթները կղեկավարեն դիրիժորներ Դանիել Ռայսկինը, Գերգելի Մադարաշը, Սերգեյ Սմբատյանը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, խոսելով Երևանում առաջին անգամ անցկացվող «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի խորհրդի մասին, ընդգծել է, որ այն կազմակերպվել է՝ կարևորելով հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի բարձրարժեք ստեղծագործությունների ներկայացումն ու հանրահռչակումը, հայկական կատարողական և կոմպոզիտորական արվեստի զարգացումը։

Երևանի քաղաքապետարանն աջակցություն է ցուցաբերել փառատոնի իրականացմանը՝ նպաստելով մայրաքաղաքում մշակութային կյանքի ակտիվացմանը, Երևանի՝ որպես փառատոնային և մշակութային քաղաք դիրքավորմանը։

«Երևանի քաղաքապետարանը որդեգրել է բարձրարժեք մշակութային նոր նախաձեռնությունների աջակցության, Երևան քաղաքում մշակութային առավել հագեցած միջավայրի ձևավորման, մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բազմաբովանդակ մշակութային ժամանցի կազմակերպման նպատակով իրականացվող ծրագրերի խթանման ու խրախուսման քաղաքականություն։  Այս ամենը կնպաստի մշակութահեն հասարակության, հոգևոր-մշակութային և բարոյական բարձր արժեքներ կրող ապագա քաղաքացու ձևավորմանն ու կայացմանը»,- ասել է Լևոն Հովհաննիսյանը:

Փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ։ Լևոն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի համերգների ընթացքում ներկա կգտնվեն Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտները, ինչպես նաև երաժշտական և արվեստի դպրոցների սաները: Նախատեսված է նաև իրականացնել աշխարհահռչակ երաժիշտներ Ջիովանի Զանոնի, Սալիմ Աշքարի, Ալեքսանդր Ռամի, Բրանոն Չոյի, Նոյեմի Գյորիի, Վանեսա Բենելիի վարպետության դասերը, որոնք կկայանան Երևանի քաղաքապետարանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում:

«Երևան համայնքի մշակութային միջավայրը կարևոր դերակատարություն ունի համայնքային համակեցության ավանդույթների պահպանման և զարգացման,  անհատի և հանրության ստեղծագործ մտածողության խթանման, հոգևոր-մշակութային, սոցիալական և տնտեսական ներդաշնակ զարգացման գործընթացներում»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու հավելել, որ հենց այս նպատակով պետական մշակութային քաղաքականությանը համահունչ, Երևանի քաղաքապետարանն իրականացնում է արվեստի տարբեր բնագավառների զարգացման, նոր, երիտասարդական և դեբյուտային ծրագրերի կազմակերպման, միջոլորտային ծրագրերի, մասնավորապես, մշակութային զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրեր:

Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի քաղաքապետարանի առաջիկա ծրագրերի մասին՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ նվագախմբի հետ համատեղ օգոստոսի 27-ին ժամը 19:00-ին Գյումրու Վարդանանց հրապարակում նախատեսված է իրականացնել «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի եզրափակիչ գալա համերգը, որը կրում է «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» խորագիրը: