«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, զուգահեռ նաև սեղմել օղակն Արցախի շուրջ. Սեյրան Օհանյան․ «Ժողովուրդ»

12/05/2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական կողմը երեկ հերթական անգամ սադրանքի է դիմել՝ անկանոն կրակ արձակելով հայկական դիրքերի ուղղությամբ: 

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայ 4 զինծառայող է վիրավորվել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ էր բացել նաեւ վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի եւ վիրավորների մասին։ 

Իսկ արդեն երեկոյան ժամը 18:25-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտեց հրադադարը նաեւ Նորաբակի ուղղությամբ ՝ կիրառելով հրետանային միջոց: 

Նկատենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններից հետո կողմերը հայտարարում էին առաջընթացի մասին, նշում էին, որ կողմերը որոշ հարցերի շուրջ կարողացել են համաձայնության գալ: Սակայն վաշինգտոնյան բանակցություններից ընդամենը օրեր անց ադրբեջանական կողմը տարբեր ուղղություններով սադրանքի է դիմում՝ կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ: 

«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

 -Պարո՛ն Օհանյան, ինչու՞ ադրբեջանական կողմը երեկ հերթական անգամ սադրանքի դիմեց, լարեց սահմանային իրավիճակը. ո՞րն էր այս ամենի նպատակը: 

-Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է ազդել Հայաստանի վրա, զուգահառ նաեւ սեղմել օղակն Արցախի շուրջ. գործողությունները Հայաստանի եւ Արցախի սահմաններին պետք է դիտարկել մեկ համատեքստում, նման կերպ թշնամին փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա եւ սեղմել օղակն Արցախի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը, մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն նման սադրանքների, պետք է համարժեք արձագանք տան հակառակորդին: 

-Ձեզ համար հասկանալի է՝ ինչո՞ւ հենց վաշինգտոնյան բանակցություններից ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանը սրեց իրավիճակը, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ադրբեջանը բանակցություններում չի ստացել իր ուզածը եւ հիմա փորձում է ուժային ճանապարհով հասնել իր ուզածին:

 -Ադրբեջանի գործողությունները շարունակական են լինելու, նախկինում՝ մինչեւ 2018թ.-ը, դրանից հետո էլ բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանը նման սադրանքներ եւ ագրեսիվ գործողություններ է իրականացնում, որպեսզի ճնշումներ գործադրի եւ իր շահն առաջ տանի բանակցություններում: Ուժային մեթոդներով է փորձում ստանալ իր ուզածը: 

-Պարո՛ն Օհանյան, հնարավո՞ր է, որ սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնի՝ վարչապետի եւ ՊՆ նախարարի մասնակցությամբ, որպեսզի քննարկեն սահմանային լարված իրավիճակը:

-Երբ որոշակի հանգամանքներ պարզ լինեն, իրադրությունը սրվի, ապա իրադրությանը համահունչ նաեւ ընդդիմությունը կգործի: Դեռ արտահերթ նիստ հրավիրելու որոշում չունենք, երբ լինի՝ կհայտարարենք այդ մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: