Երևանի ձգտումը դեպի Եվրոպական միություն համեմատելի է «Տիտանիկի» տոմս գնելու հետ. Օվերչուկ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հարաբերությունների դադարեցումը Հայաստանին սպառնում է պարենի և էներգիայի գների աճով, ինչպես նաև արտահանման 70-80% կրճատմամբ: Երևանի ձգտումը դեպի Եվրոպական միություն համեմատելի է ՛՛Տիտանիկի՛՛ տոմս գնելու հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է rbc.ru-ն:
՛՛ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն եւ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի ազատություն՛՛,-ասել Է նա՝ նշելով, որ ՛՛Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին՛՛ օրինագիծը Հայաստանին համապատասխան ընտրության առաջ է կանգնեցրել։
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագծի քննարկման մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ:
Նրա խոսքով՝ եթե Երեւանը որոշի ՛՛դադարեցնել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ՛՛, ապա, ամենայն հավանականությամբ, կստանա ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ, դեպոպուլյացիա, էներգիայի եւ պարենամթերքի գների աճ, արտահանման 70-80 տոկոսով կրճատում, իսկ երկրի բնակչությունը կկորցնի եկամուտներն ու աշխատանքը:
ԵԱՏՄ-ին անդամակցությունն արտոնություն է, իսկ ԵՄ-ին անդամակցությունը համեմատելի է ՛՛Տիտանիկի՛՛ տոմս գնելու հետ՝ դաշինքում առկա տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով, կարծում է Ռուսաստանի փոխվարչապետը:
Նա նաև կասկածի տակ է դրել օրինագծի հեղինակների ազնվությունը Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների բնակիչների նկատմամբ՝ այդ միավորմանը անդամակցության դադարեցման մասին կետի բացակայության պատճառով:
՛՛Ինչու կառչել ԵԱՏՄ-ից, որտեղ չես ուզում լինել, չէ՞։ Եթե այդպիսի հարց չի դրվում, ուրեմն՝ այդ օրինագծի հեղինակներն իրենք են իրենց հաշիվ տալիս մեր միությունից Հայաստանի դուրս գալու հետեւանքների մասին՛՛,-ասել է Օվերչուկը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ՛՛ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին՛՛ օրենքի նախագիծը դիտարկում է որպես Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ։
՛՛Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը կառուցելու է՝ հենց այս հանգամանքից ելնելով՛՛,-ասել է Օվերչուկը՝ հավելելով, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը պաշտոնական Երևանի ինքնիշխան ընտրությունն է, ինչի իրավունքը նա ունի։