«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկական համայնքի շրջանում կան զոհեր և վիրավորներ. Զարմինե Պողիկյան

08/02/2023

Սիրայում ավերիչ երկրաշարժից հետո բնակչությունը կրկին բնակարաններից դուրս է գիշերել: Այս մասին 24News-ին ասաց Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմինե Պողիկյանը:

Նա ասաց, որ հայ համայնքի զավակները Սիրիայի հայկական ազգային կենտրոններում, ակումբներում են գիշերել։ «2 փոքր հետցնցումներ եղան մինչև առավոտ, փառք Աստծո, վտանգավոր բան չկար։ Հայ համայնքի պատասխանատուները հայտարարեցին, որ ում բնակարանները վնասված  են, պետք է անմիջապես տեղեկացնեն շտապ օգնությանը, գան և ստուգեն։ Կան բնակարաններ, շենքեր, որոնք փլուզման վտանգի տակ են, պետությունն աշխատանքներ է տանում»,- ասաց սիրիահայ գործիչը։

Անդրադառնալով այլ դեպքերին՝ Զարմինե Պողիկյանն ասաց․ «Մեր դիմացի շենքի բնակիչներն  ամբողջությամբ վառվեցին, շենքը փլուզման վտանգի տակ է։ Պետությունը ուսումնասիրություն է կատարում, որպեսզի բնակչությանը հետ պահի այլ վտանգներից»։

Ինչ վերաբերում է բնակչությանը սննդով, ջրով ապահովելուն, ապա «Գանձասարի» խմբագիրն ասաց, որ երկրում սղաճի պատճառով տնտեսական դժվարություն կա։ «Սակայն մինչև այսօր հայ համայնքի պատասխանատուները կենտրոններում ապաստանածներին թե՛ սննդով, թե՛ ջեռուցմամբ, թե՛ դեղորայքով ապահովում են, սակայն այդ կարիքների սակավությունը զգալի է։ Երկրում տնտեսական վիճակն այնպիսին չէ, որ բնակիչները կարողանան բոլոր կարիքներով ապահովվել։ Ազգային մարմինները, առաջնորդարանի պատասխանատուները, շտապ օգնության մարմիները սննդի, դեղորայքի հարցով քայլեր են ձեռնարկում իրենց նպաստը բազմապատկելու համար»,- մանրամասնեց Զարմինե Պողիկյանը։

«Գանձասարի» խմբագիրը նշեց նաև, որ մինչև բնակարանները նորոգվեն, բնակիչների համար տնտեսական կարողություններ են պետք․ «Եթե, Աստված մի արասցե, նորից երկրաշարժ եղավ, կացությունն էլ ավելի վատ կլինի։ Բայց, բարեբախտաբար, մինչև հիմա լուրջ ցնցումներ չեղան գիշերվա ընթացքում։ Համեմատաբար ավելի հանդարտ էր, փոքր ցնցումներ եղան»։

Պողիկյանն ասաց, որ հայկական համայնքի շրջանում զոհերի թիվը շարունակում է մնալ նույնը՝ 2 մահացած, մոտ 10 վիրավոր։ «Փուլ եկած շենքի հայ ընտանիքի 2 անդամների վիճակը ծանր է, ևս 8 վիրավորի վիճակը՝ կայուն է։ Հալեպում տվյալները սրանք են»,- եզրափակեց սիրիահայ գործիչը։