«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչպե՞ս դոլարից հրաժարումը կազդի համաշխարհային առևտրի վրա

27/09/2022

Համաշխարհային առևտրի և պահուստների կուտակման համար ԱՄՆ դոլարի օգտագործումից հրաժարվելը շատ դժվար կլինի ԱՄՆ հակառակորդների համար, թեև ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերից կբխի դոլարի համաշխարհային օգտագործման առավել զսպողական կիրառությունը: 
ԱՄՆ դոլարը եղել է համաշխարհային տնտեսության հիմքը և պահուստային արժույթ միջազգային առևտրի և ֆինանսների համար: Ինչպես ցանկացած այլ ֆիատ արժույթ, դոլարի հարաբերական արժեքը կախված է Միացյալ Նահանգների տնտեսական ակտիվությունից և հեռանկարից: Բացի հիմնարար և տեխնիկական գործոններից, շուկայի իրավիճակը, աշխարհաքաղաքական իրադրությամբ պայմանավորված ռիսկերը նույնպես իրենց որոշիչ ազդեցությունն են ունենում  համաշխարհային շուկայում դոլարի արժեքի ձևավորման վրա։
Այն փաստը, որ շատ ապրանքներ գնահատվում են դոլարով, ազդում է փոխարժեքի փոխանցման և առևտրի փոխարժեքի առաձգականության գնահատականների վրա:
Երբ դոլարի արժեքը փոխվում է, դա ազդում է համաշխարհային առևտրի ընդհանուր ծավալի վրա, նույնիսկ այն առևտրային գործընկերների շրջանում, որոնք չեն ներառում ԱՄՆ-ը։ Դոլարի 1 տոկոս արժևորումը բոլոր այլ արժույթների նկատմամբ կապված է մնացած աշխարհի երկրների միջև ընդհանուր առևտրի 0,6-ից 0,8 տոկոս անկման հետ: 
Հետոզոտողների ուսումնասիրությունների համաձայն, թե արդյոք եվրոն ունի դոլարի նման ազդեցություն, գտնում են, որ չունի: «Եվրոյի փոխանցումը գների մեջ միջինում աննշան է, մինչդեռ դոլարի փոխանցումը մնում է բարձր, երբ վերահսկում ենք եվրոն»: 
Ստորև ներկայացնենք ԱՄՆ դոլարի և համաշխարհային առևտրի դինամիկան 

Եթե Միացյալ Նահանգները, և մյուս անգլոֆոն տնտեսությունները, ձեռնարկեն քայլեր, որոնք կվերացնեն իրենց ներքին ֆինանսական շուկաների՝ որպես արտաքին խնայողությունների զուտ «կլանողների» դերը, նրանք այլևս չեն ունենա ընթացիկ հաշվի և առևտրի դեֆիցիտ:
Հետևանքները հասկանալու համար ենթադրենք, որ մշտական առևտրային ավելցուկ ունեցող երկիրը ստիպված է «հարմարվել» շատ ավելի փոքր առևտրային դեֆիցիտով և հետևաբար շատ ավելի ցածր առևտրային ավելցուկ ունեցող աշխարհին: Ինչպես արդեն նախորդ վերլուծություններում պարզեցինք, մշտական ավելցուկներ ունեցող երկրներում ներքին խնայողությունները պետք է գերազանցեն ներքին ներդրումներին։ Իր հերթին, ներքին խնայողությունները բարձր են հիմնականում այն պատճառով, որ հասարակ տնային տնտեսությունները, որոնք սպառում են իրենց եկամտի մեծ մասը, ստանում են իրենց արտադրած ՀՆԱ-ի շատ ցածր մասնաբաժինը՝ համեմատած բիզնեսի, կառավարության և շատ հարուստների: Այլ կերպ ասած, երկրները, որոնք հետևողականորեն ունենում են ավելցուկներ, դա անում են, քանի որ եկամուտների շեղված բաշխման հետևանքով առաջացած ներքին պահանջարկի պակասը նրանց ստիպում է ի վիճակի չլինել «կլանել» այն ամենը, ինչ իրենք արտադրում են երկրի ներսում: Սա նշանակում է, որ եթե արտաքին իրադարձությունը հանգեցնում է երկրի առևտրի և ընթացիկ հաշվի հավելուրդի կտրուկ կրճատմանը, ընդհանուր առմամբ կան 5 ուղիներ , որոնց միջոցով տնտեսությունը կարող է հարմարվել խնայողությունների և ներդրումների համապատասխանեցմանը: Այսպես.

  • Գործազրկության աճ. նման երկրի խնայողությունները կնվազեն, եթե արտահանման անկումը հանգեցնի արտադրության ոլորտում գործազրկության աճին: Գործազուրկ աշխատողները, իհարկե, ունեն բացասական խնայողություններ։
  • Սպառողական վարկավորման խթանում ներքին պահանջարկը խթանելու համար. երկրի խնայողությունները կնվազեն, եթե ԿԲ-ը, ի պատասխան արտահանման փլուզման, արագ «ստիպի» բանկերին կտրուկ մեծացնել սպառողական վարկավորումը, որպեսզի արտաքին պահանջարկը փոխարինի ներքին պահանջարկով: Նույնիսկ եթե դա հնարավոր լիներ արդյունավետ կերպով անել, տնային տնտեսությունների պարտքի աճն ի վերջո անկայուն կլինի:
  • Պետական դեֆիցիտի ծախսերի աճ. պահանջարկը խթանելու համար. խնայողությունները կնվազեն, եթե երկրի կառավարությունը արագ ընդլայնի հարկաբյուջետային դեֆիցիտը, որպեսզի փոխարինի արտաքին պահանջարկը ներքին պահանջարկով: Նույնիսկ, եթե դա հնարավոր լիներ արդյունավետ կերպով անել, հարկաբյուջետային դեֆիցիտների աճը, ի վերջո, անկայուն կլինի:
  • Եկամտի վերաբաշխում. երկրի խնայողությունները կնվազեն, եթե կառավարությունը կարողանա եկամուտների զգալի վերաբաշխում իրականացնել սովորական տնային տնտեսություններում: Սա կլինի կայուն և անհամեմատ լավագույն երկարաժամկետ արդյունքը թե՛ երկրի, թե՛ աշխարհի համար, սակայն եկամտի ցանկացած էական վերաբաշխում կլինի դանդաղ և դժվար գործընթաց:
  • Ներդրումների աճ. երկրի կառավարությունը կարող է նախագծել ներդրումների զանգվածային աճ: Մասնավոր հատվածը դժվար թե արձագանքի արտահանման փլուզմանը ներդրումների ավելացմամբ, և, իրոք, մասնավոր ընկերությունները հավանաբար կկրճատեն ներդրումները, ուստի պետական ներդրումների աճը պետք է բավարար լինի ինչպես առևտրային հավելուրդի, այնպես էլ բիզնեսի ցանկացած կրճատմանը: 

Կան սահմանափակ թվով եղանակներ, որոնցով երկիրը, կարող է հարմարվել համախառն առևտրի դեֆիցիտի գլոբալ կրճատմանը: Սա ևս մեկ անգամ ամրապնդում է այն տեսակետը, թե որքան է Միացյալ Նահանգների պատրաստակամությունն ու կարողությունը մեծ մշտական դեֆիցիտներ ապահովելու համար, որով էլ հիմնավորվում է դոլարի դերը որպես աշխարհի գերիշխող արժույթ, և թե ինչպես են այդ դեֆիցիտներից առավելապես շահում ուղղակի կամ անուղղակիորեն այն երկրները, որոնք ամենաշատն են ցանկանում «գահընկեց» անել ԱՄՆ դոլարին: Դրանք այն երկրներն են, հատկապես Չինաստանը, որոնք ամենաշատն են ցանկանում իրենց արժույթները փոխարինել ԱՄՆ դոլարին՝ նույնիսկ, եթե նրանց ներքին տնտեսական քաղաքականությունը մոտ ապագայում դա անհնարին է դարձնում:
Ամփոփելով նշենք, որ ԱՄՆ դոլարի գերակայությունը քիչ կապ ունի այնպիսի երկրների քաղաքական ցանկությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան և Իրանը, և ամեն ինչ պայմանավորված է ամերիկացիների քաղաքական որոշումներով: 

Հեղինակ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի տնտեսական վերլուծաբան, տ․գ․թ․, դոցենտ Թամարա Հարությունյան                                                                                                                                                                                                                                                                                                                             

Generalnews.am