«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Բացառում եմ՝ Ադրբեջանը հարձակվի Զանգեզուրի վրա, առաջին հերթին դա թույլ չի տա Ռուսաստանը»

19/07/2021

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը։

-Պարոն Ներսիսյան, Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական սպառնալիքներն  է հղել Հայաստանին՝ հայտարարելով, թե Զանգեզուրը, Երևանը ադրբեջանական են ու իրենք անպայման վերադառնալու են։ Ի՞նչ պատմություն է ցիտում Ալիևը, ի՞նչ գործողություններ են հնարավոր։

-Երբ երկու հակամարտող կողմեր են եղել ու այդ  հակամարտությունն ավարտվել է հօգուտ մի կողմի, բնականաբար որպես հաղթող կողմ նա կարող է ցանկացած սուտ  հորինել իր հաղթանակը հիմնավորելու ու իր հետագա քաղաքական ախորժակները դրսևորելու համար։ Բայց  իմ կարծիքով այն քաղաքական ախորժակը, որն ինքն ուներ ու որ նա հագեցրեց՝ ավելին գնալ չի կարող։ Զանգեզուրի մասին հայտարարությունները, թե դրանք եղել են ադրբեջանական տարածք, նույնիսկ ծիծաղելի է։ Բայց ծիծաղելի լինելով հանդերձ ես հաղթող կողմի համար օրինաչափ եմ համարում։ Դրանից մենք չպետք է վախենանք, մեր ժողովրդին ահաբեկենք։ Պարզ դասագրքային ճշմարտություն է, որ դա հայ ժողովրդի տարածքն է։

Տվյալ իրավիճակում սառը դատելով պետք է ասենք, որ Զանգեզուրն իրոք հայկական տարածք է, իսկ  տված տարածքները հետ վերադարձնելու մասին խոսելը ռացիոնալ մոտեցում չեմ համարում։ Ազերիներն այս տարածաշրջան եկել են 15-16 րդ դարում, երբ սև ու սպիտակ ոչխարապահների հոսքը եղավ այս տարածաշրջան։ Ու դա որոշ չափով ազդեց տարածաշրջանի էթնիկական պատկերի վրա։ Իմիջայլոց իրենք երբեք պետություն էլ չեն ունեցել, չեն կարող ասել, որ այդ տարածքը մտած էր ինչ-որ պետության մեջ։ Կարճատև կյանք ունեցող իշխանություններ են եղել, որոնք հետագայում վերացել են, որովհետև քոչվորները չեն կարող պետություն պահել։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, ապա նա շատ բան կարող է հայտարարել, բայց ես ինքս միշտ եղել եմ այն կարծիքին, որ նա չի կարող անել ավելին, քան  այն, որ պարտավորվել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով։

-Այսինքն՝ նոր առաջխաղացումներ, պատերազմի վտանգ հնարավոր չե՞ք համարում։

-Առհասարակ նոր առաջխաղացումներ, պատերազմի վտանգը բացառում են։ Եթե Ադրբեջանը Զանգեզուրի հանդեպ էլ հավակնություններ ունենար, դա կաներ աշնանը։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ աշնանը նա արեց այն, որը նախապես մշակված էր Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը երբեք  չէր համարձակվի պատերազմ սկսել Ղարաբաղի դեմ՝ առանց Ռուսաստանի համաձայնության։ Մի անգամ փորձեց 2016 թվականի ապրիլին, բայց տվյալ ժամանակահատվածում Թուրքիան հստակ օգնություն ցույց չտվեց։ Իսկ այս անգամ օգտվելով կորոնավիրուսային իրավիճակից, Եվրոպայում առկա վիճակից նաև այն վիճակից, որ Թրամփը տանում էր քաղաքականություն, որով մեկուսացման քաղաքականություն էր վարում, չկար հետաքրքրություն տարբեր տարածաշրջաններում, Ալիևը գնաց այդ քայլին։ Ես այն կարծիքին եմ, որ ինչքան էլ հիմա ասեն, թե մենք կարող էինք պատերազմ ավելի շուտ կանգնեցնել, դրանք հիմնավորված չեն։ Կանգնեցվեց հենց այնտեղ, որտեղ որ ծրագրել էին կանգնել։

-Կա տեսակետ, որ մենք ժամանակին լրջորեն չմոտեցանք այն պնդումներին, որ Ալիևն էր անում՝ իր տարածքները հետ բերելու հետ կապված, կարո՞ղ ենք հիմա էլ լրջությամբ չմոտենալ իր հայտարարություններին։

-Համաձայն եմ, որ նախկինում լուրջ չէինք ընդունում։ Այսպիսի մի մտածողություն ունենք՝  մեզ թվում էր, թե Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա, որովհետև մենք ինքներս նման միտում չունեինք։ Այսպիսի ռոմանտիկ պատկերացումներ ունենք։ Այն ժամանակ իրավիճակն այլ էր։ Նախկին, ներկա իշխանությունները մեր բանակի մասին վիճելի պնդումներ էին անում։Այն միֆը, թե մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն էր և որի մասին Դավիթ Տոնոյանն էր ասում, թե մենք թշնամուն բնում կխեղդենք, միֆ էր, հօդ ցնդեց։ Հակառակորդը առաջ էր գնում, իսկ մենք մեր բանակը չէինք զարգացնում։ Մենք իսկապես հակառակորդի համեմատ թույլ ենք եղել։ Գերագնահատեցինք մեր հնարավորությունները ու մտածեցինք, թե աշխարհը թույլ չի տա, որ Ադրբեջանը հարձակվի մեր վրա։ Բայց աշխարհը միակամ էր։ Բանակցությունների մասին միայն հիմա են բարձրաձայնում երկրորդ, երրորդ նախագահները։ Իսկ առաջին նախագահը միշտ բացահայտ է ասել, որ այդ տարածքները պետք է տրվեին Ադրբեջանին՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ Ձգվեց այնքան, որ մեր արտաքին քաղաքականության անորոշության պատճառով ու իմ ասած գործոններով պայմանավորված նրանք պատերազմ սկսեցին, գրավելով Արցախի մեծամասնությունը։ Բայց  այժմյան հոխորտանքները, թե սա կամ նա կգրավեն՝ ո՛չ Ռուսաստանը կուզենա, ոչ էլ Իրանն ու արևմուտքը։ Եթե մենք կորցրեցինք Զանգեզուրը՝ նշանակում է, որ Ռուսաստանն այս ամբողջ տարածաշրջանը տալիս  է թուրքալեզու ժողովուրդներին։

Ինչ վերաբերում է սահմանային միջադեպերին, դրանք  ունեն հոգեբանական նշանակություն, նաև՝ հետևանք են նրան, որ մինչ այժմ սահմանազատում չի եղել։ Դրանից առաջ ուզում են վախեցնել, որ մի քանի մետր խորանան։ Կամ էլ ինչ-որ պայմանավորվածության արդյունք է, որն ուզենանք էլ չենք իմանա։ Բացառում եմ, որ հարձակվեն Զանգեզուրի վրա, առաջին հերթին դա թույլ չի տա Ռուսաստանը։ Հիմա խոսվում է միջանցքի մասին, Մհեր Գրիգորյանը բացահայտ ասաց, որ ճանապարհի խնդիր է։ Եվ դա անպայման լինելու է, Փաշինյանի հաղթանակից հետո դա անպայման կիրականացվի։ 3+3 ծրագիրն էլ այդպիսով կփորձեն կյանքի կոչել։