«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իմ մեջքի հետևում նախարարի պաշտոնն առաջարկվել էր այլ մարդու. Արցախի առողջապահության նախարարի ուղերձը

13/03/2023

Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանի ուղերձը․

«Հարգելի՛ գործընկերներ, իմ շատ սիրելի հայրենակիցներ, որպես Արցախի Առողջապահության նախարար, դիմում եմ Ձեզ վերջին անգամ։ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ստանալով Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը ղեկավարելու առաջարկ՝ առանց վարանելու ընդունել եմ այն և թողնելով ընտանիքս, հանձն եմ առել իմ հայրենիքի՝ Արցախ աշխարհի նվիրյալ ծառա լինելու գործը։

 Այդ որոշումն ինձ համար հեշտ է տրվել, քանզի համոզված էի, որ Արցախում առաջնորդվում են բացառապես իմ թիմը, իմ ժողովուրդը կարգախոսով։ Սակայն ստանձնելով Արցախի Հանրապետության առողջապահական համակարգի ղեկավարումը, առանց ավելորդ ցուցադրողականության, պոպուլիզմի, առանց համակարգում լուրջ կադրային վայրիվերումների, իսկույն սկսել ենք գործել բացառապես ի շահ ժողովրդի։

Շրջափակման պայմաններում շուրջ 70 օր ղեկավարելով Արցախի Հանրապետության  առողջապահության համակարգը՝ հրատապ լուծումներ ենք տվել բազմաթիվ կենսական  հարցերի, որը սակայն չի խանգարել սկսել ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ սեղմնաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։

Ամենևին էլ կառչած չլինելով առողջապահության նախարարի պաշտոնից՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ստանձնածս պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ իմ պաշտոնավարման ընթացքում, առանց ինձ տեղեկացնելու, այսպես ասած, իմ մեջքի հետևում, առողջապահական համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվում մեկ ուրիշի՝ դրանով իսկ տպավորություն ստեղծելով, որ գործընթացը գաղտնի է։ Մինչդեռ եթե չեն ցանկանում աշխատել քեզ հետ, ապա դա պետք է ասվի ուղիղ, առանց այլևայլությունների՝ հարգելով դիմացինին։

Համոզված եմ, ինչպես ինձ, այնպես էլ շատ-շատերի համար նման երևույթը անընդունելի է։ Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ․․․

Ավարտելով խոսքս՝ շնորհակալությունս և պատրաստակամությունս եմ հայտնում իմ գործընկերներին՝ սպիտակ բանակի բոլոր ներկայացուցիչներին՝ վստահ լինելով, որ դուք ի զորու եք կատարելու ձեր առջև ծառացած խնդիրները։

Բարին ընդ Ձեզ»։