«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք այս պահին պատրաստ չենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը

17/01/2021

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

-Պարոն Իսպիրյան, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների վերջին նամակագրությունից պարզ է դառնում, որ միտում կա բարելավելու ֆրանս-թուրքական հարաբերությունները։ Դուք այս փուլում ինչպե՞ս  եք գնահատում դրա հնարավորությունը և ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

 -Երբ խոսում ենք ֆրանս-թուրքական հարաբերությունների մասին, պետք է նախ գնահատենք՝ ինչ ունեն երկու երկրներն իրար տալու։ Հիշեցնեմ նաև, որ ֆրանս-թուրքական հարաբերությունները մշտապես վայրիվերումների մեջ են։ Վերջին մի քանի տասնամյակում՝ երկար տարիների կայուն հարաբերություններ կարծես չկան։Մշտապես առաջանում են որոշ խնդիրներ։Գաղտնիք չէ, որ երբ Ֆրանսիայում օրակարգ եկավ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, երկկողմ հարաբերությունների սրման հաճախանականությունը ավելի մեծացավ։

Ի՞նչ ունեն Թուրքիայում ֆրանսիացիները և Ֆրանսիայում՝ թուրքերը։Ֆրանսիան Թուրքիայում ունի մի քանի տասնյակ միլիարդ դոլարի հասնող ներդրումներ։ Բնականաբար  հարաբերությունների խիստ վատացումը տնտեսական առումով ձեռնտու չէ ո՛չ Ֆրանսիային, ո՛չ էլ Թուրքիային։Ռազմավարական և ազգային անվտանգության շահերից ելնելով Ֆրանսիան հասկանում է Թուրքիայի վտանգավորությունը Միջերկրական ծովում և իր շահերի համար՝ռազմավարական տեսանկյունից։Այս գործոնները մշտապես ստիպում են չգնալ կարմիր գիծը հատելու ճանապարհով։Վերջին լարումը, ինչպես գիտենք, պայմանավորված էր  Միջերկրական ծովում Հունաստանի ու Կիպրոսի  հետ հակասություններով։Ֆրանսիան հանդես եկավ  ի պաշտպանություն Հունաստանի ու Կիպրոսի։ Սակայն, ինչպես տեսնում ենք, աշխարհաքաղաքական զարգացումները այս պահին միտված են Թուրքիայի հետ հարաբերությունների լարման թուլացմանը։ Ցավով եմ նաև նկատում, որ նույնիսկ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը փորձում են կրկին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։Նույնիսկ Քաթարն է փորձում միջնորդել Սաուդյան Արաբիա-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը։ Տեսնում ենք նաև, որ տարածաշրջանում Թուրքիան ևս ակտիվ է, փորձում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, համենայնդեպս   խոսում է դրա պատարստակամության մասին։

-Մեր անելիքներն այս իմաստով որո՞նք պետք է լինեն։

-Մեր գործողությունները կապված են նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցող զարգացումների հետ։Ասել, թե մենք ուղղակի կապ ունենք ֆրանս-թուրքական հարաբերությունների ջերմացման հետ՝ տեղին չէ։ Մենք պարզապես պետք է հաշվի առնենք այդ հարաբերությունները, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և մենք հարաբերություններ ունենք այդ երկրի հետ։

Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կապ չունեն Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների հետ։

Հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր խոչընդոտը՝ սկսած 2008-2009 թվականից, երբ սկսեց հարաբերությունների կարգավորման գործընթացը, արցախյան հարցի չլուծված լինելն էր։ Իսկ ավելի կոնկրետ՝ Թուրքիան պահանջում էր գոնե մեկ շրջան հանձնել, որպեսզի ինքը կարողանա Ադրբեջանին համոզել, որ Հայաստանը քայլ կատարեց…Սակայն ինչպես գիտենք այն ժամանակ ոչ մի շրջան չհանձնվեց Ադրբեջանին ու դրա պատճառով Թուրքիան ուղղակի հրաժարվեց գնալ հարաբերությունների բարելավմանը։Նոյեմբերի 9-ից հետո սակայն բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել։ Չկա այդ խոչընդոտը Թուրքիայի համար։Այս պահին դե ֆակտո կան բոլոր հնարավորությունները հարաբերությունների հաստատման համար։Իսկ սահմանի բացման հետ կապված կան այլ հարցեր ևս։Միայն Թուրքիայի ու Հայաստանի հարցը չէ, կա նաև Ռուսաստանի գործոնը։Իսկ Ռուսաստանի ցանկության գործոնը միշտ եղել է։ Գաղտնիք չէ, որ այս սահմանի անվտանգությունը Ռուսաստանն է ապահովում։

-Օրեր առաջ Չավուշօղլուի կողմից նաև ուղիղ հայտարարություն եղավ Հայաստանի հետ  հարաբերությունները կարգավորելու  համար։ Մենք ինչպե՞ս պետք է սրան արձագանքենք։

-Ես հենց դա եմ նշում։ Քանի որ չկա այլևս որևէ խոչընդոտ, ի՞նչ պետք է նա հայտարարեր։ Մինչ այդ նշում էին՝  տարածքներ պետք է հանձնվեն, հիմա դա արդեն եղել է։ Ուստի ի՞նչ պետք է ասեն՝ այլ պատճառնե՞ր ներկայացնեն։ Իհարկե կարող են Ցեղասպանությունից հրաժարվելը բերել օրակարգ ու ընդհանրապես միշտ էլ կարող են պատճառներ գտնվել։ Բայց գլխավոր խոչընդոտը այլևս չկա։

Ինչ վերաբերում է մեր արձագանքին, ապա չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի մի ադեկվատ երկիր, որին առաջարկեն հարաբերությունները կարգավորել, իսկ ինքը մերժի։ Խնդիրն այլ հարթության մեջ է։Մեր խնդիրը պարտության մեջ է։ Մենք պատրա՞ստ ենք։ Ու ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև մյուս իմաստներով՝ տնտեսական, ազգային անվտանգության։Թուրքիայի հետ սահման բացելը բազմաթիվ ռիսկեր է իր մեջ պարունակում։ Շատ ոլորտներում ունենք անելիքներ։ Այս պահին կարծում եմ պատրաստ չենք, բայց ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք։Աշխարհում լուրջ չի ընկալվի,  եթե մենք ասենք, որ չենք ուզում բացել սահմանը։

-Պատրաստ լինեն քաղաքական իմաստո՞վ, թե՞ նաև հասարակությանը պատրաստել։

-Բոլոր իմաստներով։ Հայ հանրության մեջ, մի ստվար զանգվածի մոտ արմատացած են լուրջ հակաթուրքական տրամադրություններ։ Մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, բայց հենց այս պահին գործում է էմբարգո Թուրքիայից ապրանքների ներկրման համար։ Այսինքն՝ բավականին ծայրահեղական մոտեցումներ։Կան թե՛ հոգեբանական, թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության հետ  կապված խնդիրներ։ Նոյեմբերի 9-ից հետո երկրում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս հիմքեր տեսնել, թե մենք պատրաստ ենք։Պետական ինստիտուտները հազիվ են կարողանում իրականացնել նվազագույն գործառույթները, ուր մնաց պատրաստ լինել Թուրքիայի հետ սահմանի բացմանը։