«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ներկա Իրանը շահագրգիռ տերությունների քաղաքական հաշվարկներում. Աշոտ Ներսիսյան

13/03/2026

Եթե Իրանի հետ պատերազմը վերլուծենք սառնորեն ու առանց զգացմունքների, պետք է նկատենք, որ Իրանն աստիճանաբար սպառում է իր հրթիռների և անօդաչուների պահեստները։ Երկու կողմերն էլ միլիարդների վնասներ են կրում, սակայն հիմնական տարբերությունն այն է, որ Իրանն այս պահին փաստացի մենակ է։ Նա չունի հրթիռների, անօդաչուների և այլ զինատեսակների կանոնավոր մատակարարներ։ Ռուսաստանը, որը նախկինում որոշ դեր կարող էր ունենալ այս հարցում, այժմ գրեթե անզոր է, իսկ այս պատերազմը ինչ-որ իմաստով նույնիսկ ձեռնտու է նրան, քանի որ դրա երկարաձգման դեպքում ԱՄՆ-ը կարող է ստիպված լինել որոշ չափով մեղմել նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Չինաստանը, իր հերթին, Հորմուզի նեղուցի փակման հետևանքով տնտեսական վնասներ է կրում, սակայն առայժմ որևէ ակտիվ գործողության չի դիմում։

Տարածաշրջանում բավական նրբորեն է խաղում Էրդողանը։ Պայմանականորեն նա և Իրանի, և ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ պահպանում է «ոչ քեզ հետ եմ, ոչ էլ քո դեմ» սկզբունքը։ Նախիջևանի տարածքում հրթիռների ընկնելուց հետո նա փորձեց կոշտ խաղալ, սակայն շուտով փոխեց դիրքորոշումը և այժմ արդեն օգնություն է առաքում Իրան։ Թերևս հենց Էրդողանն է համոզել Ադրբեջանին, որ երկու պետությունների շահերից չի բխում պատերազմի մեջ մտնելը, մի քայլ, որը կարող էր լրջորեն խաթարել Հարավային Կովկասի կայունությունը։ Միևնույն ժամանակ, թե՛ նրան և թե՛ Ադրբեջանին ամենևին ձեռնտու չէ Իսրայելի ուժեղացումը մեր տարածաշրջանում. նրանց համար ավելի ընդունելի կարող է լինել Իրանի գործող վարչակարգի թուլացումը կամ փոխակերպումը՝ սեփական ազդեցության պահպանման կամ նույնիսկ ուժեղացման պայմաններում։

Հայաստանը որդեգրել է ճկուն և բավական նուրբ քաղաքականություն, որը քննադատվում է ընդդիմադիր շրջանակների կողմից, որոնք հաճախ չեն պարզաբանում, թե իրականում ինչ այլընտրանքային քայլեր են առաջարկում։ Երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե նրանց համար կարևոր է ոչ այնքան կայունությունը, որքան ներքին քաղաքական հաշվարկները։

Իրանը, ընդհանուր առմամբ, գտնվում է հարաբերական մեկուսացման մեջ։ ԻՀՊԿ-ի կողմից Խամենեիի որդուն որպես հնարավոր առաջնորդ առաջադրելը թերևս ունի նաև հոգեբանական նշանակություն, սակայն կան բազմաթիվ հիմքեր ենթադրելու, որ գործող իսլամական ֆունդամենտալիզմի մոդելը այլևս դժվար թե կարողանա վերականգնել իր նախկին կենսունակությունը։ Թեև որոշ ուժերի հաշվարկներում կարող է լինել նաև ԱՄՆ-ի կամ Իսրայելի ցամաքային ներխուժման սցենարը, ինչը կերկարացներ պատերազմը, սակայն դժվար է պատկերացնել, որ նրանք իսկապես կգնան այդ քայլին։

Իրանի համար նույնիսկ զինադադարի մասին մտածելն այսօր չափազանց ցավոտ է, քանի որ այն կարող է ներքաղաքական ծանր հետևանքներ ունենալ գործող վարչակարգի համար։ Սակայն անկախ հնարավոր տարբերակներից՝ Հայաստանի համար միշտ շահավետ է կայուն Իրանը։ Հետևաբար, անիմաստ է զգացմունքային վերաբերմունքը կամ ողբը նրա շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ. շատ ավելի կարևոր է սառնորեն հասկանալ և գնահատել պարսիկների հետ մեր հարաբերությունների պատմական փորձը։

Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ