ՀՀ Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները խաղաղության գլխավոր խոչընդոտն են․ Բայրամով
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հիմնական հարցերը։
Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների» լուծման անհրաժեշտությանը։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ այս հարցը մնում է վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման և երկու երկրների միջև կայուն, բարիդրացիական հարաբերություններ կառուցելու հիմնական խոչընդոտներից մեկը։