«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան և Մեծ Բրիտանիան ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել

29/12/2020

Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսան Փեքջանը և երկրում Մեծ Բրիտանիայի դեսպան Դոմինիկ Չիլքոթն Անկարայում երեքշաբթի համաձայնագիր են ստորագրել երկու երկրի միջև ազատ առևտրի մասին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական հեռուստաալիքին:

«Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը երաշխիք կդառնա ապագա տնտեսական համագործակցության համար: Ուրախ ենք, որ կատարում ենք խոստումները, որոնք տվել ենք թուրքական և բրիտանական բիզնեսի ներկայացուցիչներին: Տվյալ համաձայնագիրը նշանակալի իրադարձություն կդառնա երկու երկրների համար: Այն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից»,- ընդգծել է թուրք նախարարը:  

Նման համաձայնագրի կնքումը տեղի է ունեցել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (Brexit) հետո, որի շուրջ բանակցությունները Լոնդոնն ու Բրյուսելը վարում էին 2017 թվականից ի վեր: Դեկտեմբերի 24-ին ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Brexit-ի պայմանների շուրջ: