«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Արավուսի հերոս տղաները միայնակ են պաշտպանում Թուրուսի խութը և պահանջում են անհապաղ օգնություն». Արգամ Հովսեփյան

04/12/2020

Նախօրեին «Սյունյաց երկիր»-ը հեռախոսազանգ է ստացել Տեղ համայնքի Արավուս գյուղից. Նուրուշ Ջհանգիրյանը տեղեկացրել է Ադրբեջանի անմիջական սահմանին գտնվող Արավուս գյուղի շուրջ վերջին երկու օրը տեղի ունեցող զարգացումների մասին:

Զրույցից հետո հաջողվել է կապ հաստատել Արավուս գյուղի վարչական ղեկավար, ջոկատի հրամանատար Արգամ Հովսեփյանի հետ: Այդ ջոկատն է, որ վերջին երկու օրում հայտնվել է Տեղ համայնքի արևելյան սահմանում տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում:

Ըստ Արգամ Հովսեփյանի՝ դեռևս մի քանի օր առաջ կորպուսի ինչ-որ գնդապետ եկել և հանձնարարել է, որ զբաղեցրած դիրքերից 750 մ հետ նահանջեն:

- Ես հրաժարվել եմ կատարել գնդապետի հրամանը՝ պարզաբանելով նրան, որ նման նահանջից հետո Արավուս գյուղում բնակվելն այլևս ռիսկային կդառնա,- ասել է Արգամ Հովսեփյանը: -Այդ խոսակցությունից հետո բանակային ստորաբաժանումը հետ է նահանջել՝ Թուրուսի խութ ռազմավարական մեծ նշանակության դիրքը թողնելով միայն մեզ:

Որպեսզի հասկանալի լինի Թուրուսի խութի ռազմավարական նշանակությունը՝ միայն մի բան է շեշտում Արգամ Հովսեփյանը՝ «Եթե թուրքը զբաղեցնի այդ բարձունքը, ապա ամբողջ Գորիսի տարածաշրջանը կհայտնվի նրա աչքի առաջ և խոցելի կդառնա»:

Ի դեպ, ինչպես հավատացնում է Արգամ Հովսեփյանը, ազերի զինվորականների մի ստորաբաժանում է եկել և բնավորվել Թուրուսի խութից մոտ մեկ կմ հեռավորությամբ գտնվող երբեմնի ադրբեջանաբնակ Ջաղազուր սահմանային գյուղում:

Դեկտեմբերի 2-ին և 3-ին 25 ազերի զինվոր սպիտակ դրոշով մոտեցել են մեր դիրքերին, ընդ որում՝ նրանց առաջնորդող գնդապետը՝ առանց զենքի, մնացածը զինված,- պատմում է Արգամ Հովսեփյանը: -Ինքս (առանց զենքի)՝ հինգ զինվորականի հետ (զինված), ընդառաջ եմ գնացել ադրբեջանցիներին: Երկուստեք ներկայանալուց հետո գնդապետն առաջարկել է մեզ՝ հեռանալ դիրքից՝ պնդելով, թե դա Ադրբեջանի տարածք է: Հետագա մեր զրույցը տեղի է ունեցել 1974 թվականի մի քարտեզի շուրջ: Եվ ես կարողացել եմ համոզել նրան, որ Թուրուսի խութի արևելյան կողմը մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, իսկ արևմտյան կողմը՝ Ադրբեջանի: Այդ պահին, սակայն, մեզ է մոտեցել ադրբեջանցի մեկ այլ սպա և իր գործընկերոջը հակառակը համոզել: Մի խոսքով՝ մենք ընդհանուր եզրակացության չենք եկել, և գնդապետը հայտարարել է՝ «Հիմա մենք վերադառնում ենք Ջաղազուր, վաղը նորից մոտենալու ենք ձեզ, իսկ դուք պետք է այդ դիրքը զիջեք մեզ», այդպես էլ բաժանվել ենք իրարից: Այնպես որ՝ նորից ադրբեջանցի զինյալները բարձրանալու են Թուրուսի խութ:

Ըստ Արգամ Հովսեփյանի՝ «Ազերի գնդապետը փորձում էր համոզել իր ճշմարտացիության մեջ, իսկ ես նրան հիշեցրի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի սև գիշերը ստորագրած հայտարարության 1-ին կետի հայտնի դրույթը. «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»։ Բայց դա էլ իրավիճակը չփոխեց, քանզի նրանք էլ յուրովի (իրենց օգտին) են մեկնաբանում հայտարարությունը:

Եվ ուրեմն՝ դեկտեմբերի 4-ին, մենք նորից ստիպված ենք լինելու հանդիպել Ջաղազուր գյուղում այլևս հանգրվանած ադրբեջանցի «սպիտակ դրոշակավորներին»: Նրանք ուզում են ամեն գնով Թուրուսի խութի գագաթին բարձրացնել Ադրբեջանի պետական դրոշը:

Թե վաղը ինչ զարգացումներ տեղի կունենան Թուրուսի խութի շուրջ՝ դժվարանում ենք ասել:

Իսկ ի՞նչ ենք մենք ուզում. այդ հարցին Արգամ Հովսեփյանը և բոլոր արավուսցիները հստակ պատասխան ունեն՝ ոչ մի պարագայում չնահանջել այդ դիրքից, այլապես Արավուս (և ոչ միայն) գյուղի հետագա գոյությունը հարցականի տակ կդրվի:

Ու, որքան էլ տարօրինակ է, Արավուս գյուղի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին տեղյակ են բոլոր իշխանավորները՝ ներքևից վերև: Ոմանք հուզական հաղորոդումներ են տարածում՝ աղավաղելով փաստերը, ոմանք էլ կույր և խուլ են ձևանում: Այն էլ՝ Սյունիքի արևելյան սահմաններին սպառնացող կոնկրետ վտանգի ժամին:

- Արավուսի հերոս տղաները շարունակում են միայնակ պաշտպանել Թուրուսի խութը և պահանջում կամավորականների, ինչպես և սահմանից նահանջած հայոց բանակայինների անհապաղ օգնությունը,- զրույցն այսպես ամփոփեց Արավուս գյուղի վարչական ղեկավար, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմի վետերան Արգամ Հովսեփյանը: