«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի դերը, անհրաժեշտությունն ու նշանակությունը Ռուսաստանի համար ավելանում է. Հակոբ Բադալյան

02/09/2020

Պետք է հիշել, որ մինչև Շոյգույի Ադրբեջան գնալը Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպում, մինչև Շոյգուն հանդիպեց Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ տեղի էր ունեցել Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպում, և ես չեմ կարծում, որ Երևան փոխնախարարի մակարդակով այցելությունը նվազեցնում է կամ ցույց է տալիս, որ նվազել է Հայաստանի դերը Ռուսաստանի համար և հակառակը բարձրացել է Ադրբեջանի դերը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանն՝ անդրադանալով ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի Հայաստան այցին այն դեպքում, երբ օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էր ժամանել Ադրբեջան։

«Ես կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի դերի առումով Ռուսաստանի համար սկզբունքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, փոխարենը տեղի են ունենում սկզբունքային փոփոխություններ՝ Ռուսաստանի վերաբերմունքի և քաղաքականության մասով։ Այդ փոփոխությունների լավագույն ցուցիչներից մեկը Ադրբեջանի դժգոհությունն է Շոյգույի պարզաբանումներին, որ հնչել էին Բաքվում՝ Հայաստանին սպառազինության մատակարարման վերաբերյալ Ալիևի հայտնի տրտնջոցից հետո։ Ես կարծում եմ, որ մենք ունենք բոլորովին այլ պատկեր և այստեղ խոսք չի կարող գնալ Հայաստանի դերի և նշանակության նվազեցման մասին»։

Անդրադառնալով Ռուսաստանից Հայաստանին սպառազինության մատակարարմանը՝ նա նշեց, որ թերևս անցել ենք համագործակցության նոր մակարդակ, ինչը պայմանավորված է այն փոփոխություններով, որ կատարվում է ռուսական քաղաքականության մեջ։ «Փոխվում են իրողությունները և ՌԴ-ի համար միջազգային զարգացումներն ու ռեգիոնալ զարգացումը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է իրեն պահում Ադրբեջանի հարցում Թուրքիան և այստեղ ամենևին խնդիրը արցախյան հարցը չէ, սա հարցերից մեկն է, բայց ամենևին գլխավոր հարցը չէ միայն և միայն Հայաստանի հարցում աջակցությունը չէ։ Թուրքիան Ադրբեջանը յուրացնելով լրջագույն մրցակից է դառնում Ռուսաստանի համար ոչ միայն Կովկասում, այլ նաև Կասպիցի ռեգիոնում, այսինքն, այստեղ բավական բարդ են հարցերը։ Տեղի է ունենում Ռուսաստանի քաղաքականության վերափոխում և սա ևս մեկ վկայություն է, որ Հայաստանի դերը ոչ թե նվազում է, այլ Հայաստանի դերը, անհրաժեշտությունն ու նշանակությունն ավելանում է և սրա վկայություներից մեկն էլ սպառազինության և անվտանգային ոլորտում գործակցության ինտենսիվացման, մակարդակի ու որակի ավելի բարձրացման խնդիրն է։ Ես որակ ասելով նկատի չունեմ, որ նախկինում անորակ սպառազինություն էր, իսկ հիմա որակյալ, խոսքը տեսակի մասին է։ Մենք տեսնում ենք, որ շեշտադրումն արվում է օդային գերակայության շրջանակում։ Ռազմավարություն, որը Հայաստանը հռչակել է թավշա հեղափոխությունից հետո՝ պաշտպանության նախարարի միջոցով։ Հիշում ենք՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ մենք փորձում ենք իրացնել հակառակորդի նկատմամբ օդային գերակայության ռազմավարությունը»։ Քաղաքագետն ընդգծեց, որ այս գործընթացները վկայում են հակառակի մասին, սակայն սա չի նշանակում, որ հայ-ռուսական հարաբերության մեջ վերնախավերի մարկարդակով չկան այլևս կամ չեն լինելու տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ և տարակարծություններ, միմյանցից դժգոհություններ և այլն։ «Բայց ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, սա հարաբերության առողջացման վկայություն է այն իմաստով, որ այդ հարաբերությունը պետք է ոչ թե անձերի միջը ընկալումների և վերաբերմունքի ենթակա լինի, այլ փոխադարձ շահերի և հիմա Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունն՝ իմ գնահատմամբ անցում է կատարում հենց այդ տրամաբանության, երբ վերնախավերը կարող են իրարից դժգոհ լինել, կարող են չհանդուրժել միմյանց անձնապես, կամ խմբով, բայց հաշվի են առնում փոխադարձ շահերը և աշխատում այդ ուղղությամբ»։