Իրանահայ պատգամավորն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վտանգներին
Իրանի իսլամական խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության ներկայացուցիչ Գեղարդ Մանսուրյանը Khabar Online-ի հետ զրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման վտանգներին։
Նա նշել է․ «Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, ապա մեր ապրանքները Հայաստանի տարածքից հյուսիսից հարավ՝ Եվրոպա և Ռուսաստան տեղափոխելու ուղիներն ամբողջությամբ կփակվեն։ Եթե Սյունիքի մարզը դուսր գա ՀՀ ինքնիշխան տարածքից, դա կարող է սպառնալիք հանդիսանալ Իրանից և հյուսիսից հարավ ապրանքների արտահանման համար. Սա առաջին վտանգն է»։
Պատգամավորը հավելել է․ «Սահմանի փակվելու երկրորդ լուրջ վտանգն այն է, որ Իրանի և Հայաստանի սահմանին աշխարհաքաղաքական շնչահեղձություն տեղի կունենա, քանի որ այդ սահմանն Իրանի շնչառական խցանն է, որն ունի հին պատմություն։ Հայերի և իրանցիների հարաբերությունների շնորհիվ, այս սահմանը միշտ անվտանգ է եղել և օգտագործվել է Իրանի կողմից։ Իսկ եթե միջանցքի ծրագիրը կյանքի կոչվի, Իրանի հարևաններից մեկը կպակասի»։
Նա հավելել է․ «Մենք չենք կարող ժխտել այն փաստը, որ այս ծրագրի իրագործմամբ կիրականացվի «Մեծ Թուրանի» գաղափարը, ինչին իմ կարծիքով տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների մեծ մասը չի համաձայնի»։
Անդրադառնալով միջանցքի գործարկման վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, Մանսուրյանն ասել է․ «Պետք է տեսնենք, թե պաշտոնյաներն ինչ որոշում կկայացնեն այս կապակցությամբ, բայց վստահ եմ, որ Իրանը լրջորեն կարձագանքի»։
Նշելով, որ Իրանը հզոր և նշանավոր դերակատար է տարածաշրջանում և անդրադառնալով Իրանի զգայունությանն Ադրբեջանում Իսրայելի ներկայության նկատմամբ՝ պատգամավորը հավելել է, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը չուներ հայկական կողմին հաղթելու ուժ և Իսրայելի խորհրդականներն ու զենքն օգնեցին Բաքվին։