«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արցախում վերաբացված 102 հանրակրթական դպրոցում սովորում է մոտ 11 հազար աշակերտ

09/12/2020

Արցախի 116 դպրոց մնացել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Վերաբացված 102 հանրակրթականում այսօր սովորում է մոտ 11 հազար աշակերտ: Կրթօջախների զգալի մասը գործում է նոյեմբերի 30-ից:

Լուսինե Ղարախանյան (Արցախի ԿԳՄ նախարար) - Դպրոցները հիմնականում բաց են: Մարտակերտի շրջանում՝ 25 դպրոց, Մարտունու շրջանում՝ 16-ն այս պահին, Մարտունիում բաց չեն այն դպրոցները, որտեղ զորք կա տեղակայված այս պահին, բայց մինչև դեկտեմբերի վերջ այս խնդիրը լուծվելու է: Ասկերանի շրջանում՝ 20 դպրոց, Ստեփանակերտի բոլոր դպրոցները, բացի 5-րդ դպրոցից:

Տեղահանված համայնքների աշակերտների մի մասը Ստեփանակերտի տարբեր դպրոցներ է հաճախում: Մանկավարժներն ասում են՝ փորձում են շատ ներգրավել դասապրոցեսին, որ հնարավորինս քիչ հիշեն կորցրածը:

Արմենուհի Խանումյան (Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ) - Ամեն ինչ անում ենք նուրբ, քնքուշ, տեղեկանանք՝ ինչի կարիք ունեն, որտեղ են տեղավորվել. հիմնականում վարձով են ապրում կամ բարեկամի տան են տեղավորվել: Ուզում ենք ամեն ինչ անել, որ արագ ինտեգրվեն, հատկապես 12-րդ դասարան եկած աշակերտները, որոնց առջև մասնագիտական քննություններ են:

Տեղահանված աշակերտների կարիքները գույքագրում է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը: Տեղահանված մանկավարժների խնդիրները նույնպես գերատեսչության ուշադրության կենտրոնում է:

Լուսինե Ղարախանյան - Բոլոր այն հիմնական աշխատողները, ովքեր կողքից ժամեր ունեն՝ ժամավճարային կարգով, բոլորն այդ ժամերը ցած պետք է դնեն, և տանք դրանք հայրենազուրկ ուսուցչությանը: Բոլոր այն ուսուցիչները, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն վերադարձել ՀՀ-ից, մենք այդ ժամաքանակը կրկին տալիս ենք բացառապես հայրենազուրկ ուսուցչությանը:

Երկարատև դադարից հետո 12-րդ դասարանցիները հավելյալ կպարապեն, որ մասնակցեն միասնական քննություններին: Ի դեպ, անվճար բարձրագույն կրթություն ծրագիրն Արցախում կշարունակի գործել:

Հեղինակ`Նարեկ Սահակյան, 1Lurer.am