Իրանական հրթիռը թիրախավորել է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան
Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված են ամերիկյան ստորաբաժանումներ, սակայն Անկարան հայտարարել է, որ թույլ չի տա իր օդային տարածքի օգտագործումը Իրանի դեմ հարձակումների համար։ «The New York Times»-ի փոխանցմամբ՝ իրանական հրթիռը անցել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և, ըստ ամերիկացի ու արևմտյան պաշտոնյաների, ուղղված է եղել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքում գտնվող «Ինջիրլիք» ռազմաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և դաշնակիցների ուժերը։
Պաշտոնյաների խոսքով՝ հրթիռը խոցվել է Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան ռազմական նավից արձակված SM-3 որսիչ հրթիռով, իսկ դրա բեկորները ընկել են Թուրքիայի Հաթայ նահանգում՝ Սիրիայի սահմանին մոտ։ Միջադեպը կարող է լուրջ էսկալացիա առաջացնել, քանի որ այն կարող է ակտիվացնել ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության մեխանիզմը։ Դաշինքի խոսնակ Էլիսոն Հարթը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դատապարտում է Թուրքիայի վրա հարձակումը և վերահաստատում աջակցությունը իր բոլոր դաշնակիցներին։