«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն և Եվրամիությունն են, որ վիժեցնում են այդ ծրագիրը

23/10/2021

Lragir.am–ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն խոչընդոտում է 3+3 նախաձեռնության իրականացմանը, բայց Ռուսաստանն աջակցել է դրան: Ըստ նրա, այդ մեխանիզմի թողարկումը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, հակասությունների կարգավորմանը: Ինչպե՞ս եք գնահատում Զախարովայի այս հայտարարությունը:

Սա այն եզակի դեպքերից է, երբ ես միանշանակ համաձայն եմ Ռուսաստանի ԱԳՆ-ի բնորոշման հետ, իսկապես դա Ռուսաստանն է, որ աջակցում է 3+3  ձևաչափին, և հենց ԱՄՆ-ն է, որ բարեբախտաբար ամեն կերպ դրան խոչընդոտում է, որովհետև 3+3-ը Հայաստանի և Արցախի մարզի գաղութացման և զավթման ռուս-թուրքական ծրագիր է: Եթե չլիներ ԱՄՆ-ի, Եվրամիության, իսկ հիմա արդեն նաև Իրանի, Հնդկաստանի դիմադրությունը, մենք չէինք կարողանա դիմանալ ու դիմակայել այդ դավադրությանը: Մարիա Զախարովան կյանքում հազվադեպ է ճշմարտությունն ասում, բայց սա հենց այդ դեպքն է, և ես նրան շնորհավորում եմ միանգամայն ճիշտ բնորոշում տալու համար:

Ըստ էության, այդ ձևաչափը համաձայնեցված է Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ, փոխարինելու է Մինսկի խմբի՞ն:

Իրականում, Ռուսաստանի ԱԳՆ-ն այս դեպքում ևս կեղծում է, որովհետև ոչ մի 3+3 իրականում չկա: Այդ 6-ից առնվազն երկուսը դրան բացարձակապես դեմ են՝ Վրաստանը երկու անգամ հայտարարել է այդ մասին բարձրաձայն, իսկ Իրանը ոչ միայն հայտարարել է, այլև լուրջ ռազմական միջոցներով է խոչընդոտում այդ ծրագրի իրականացմանը: Ինչ վերաբերում է  Հայաստանի իշխանություններին, ըստ երևույթին, նրանց անկեղծությանը Մոսկվան չի վստահում և ճիշտ է անում: Ճիշտն ասած, ես դեռ լիահույս եմ, որ պաշտոնական Երևանը խուսանավում է և փորձում է ժամանակ շահել, և ավելի շատ ձևացնում է, որ համագործակցում է այդ 3+3 կործանարար ձևաչափին, քանի որ դրա իրականացումը վերջ կդնի մեր անկախ պետականությանը, որը հիմա էլ այնքան էլ անկախ չէ, բայց դրա ֆիզիկական վերջը կգար 3+3-ի դեպքում: Հենց ԱՄՆ-ն և Եվրամիությունն են, որ վիժեցնում են այդ ծրագիրը:

ՀՀ պաշտպանության նախարարը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ հանդիպմանը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի դերակատարությունը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման հարցում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը: Արմեն Սարգսյանը ևս խոսել է այդ մասին՝ նշելով, որ անհասկանալի է ՆԱՏՕ-ի անդամ երկրի ակտիվ ներգրավվածությունը այստեղ: Դուք ինչպե՞ս եք գնահատում, որ ՀՀ պաշտոնյաները նման հարցադրումներ են անում, բայց իրենց ռուս գործընկերներին այսպիսի գնահատականներով չեն դիմել, երբ ակնհայտ էր ՌԴ-ի ակտիվ դերակատարությունը այդ պատերազմում:

Դուք միանգամայն տրամաբանական հարց եք տալիս, և մենք գիտենք այդ հարցի պատասխանը: Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանության նախարարի նման հայտարարությանը, եթե դա ճիշտ է, ապա դա նորություն է և հավասար այն խոհանոցային բամբասանքներին, որոնք լսվում են: Թուրքիան նույնքանով է ՆԱՏՕ-ի անդամ, որքանով Հայաստանն ու Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ի անդամ: ՆԱՏՕ-ն չէ, որ Թուրքիային բերել է Ակնա ռուս-թուրքական համատեղ ռազմակենտրոնի ստեղծմանը, ՆԱՏՕ-ն չէ, որ վաճառում է Թուրքիային գերարդիական հակաօդային C-400 համալիրները: Հենց ՆԱՏՕ-ն է խոչընդոտել դրան, ՆԱՏՕ-ն պատժամիջոցներ է դնում Թուրքիայի վրա: Ուղղակի տգետները չգիտեն, թե ինչպիսի ճգնաժամ գոյություն ունի ՆԱՏՕ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում: Շատերը նույնիսկ ասում են, որ Թուրքիան այլևս դաշնակից չէ և մոտենում է թշնամի եզրույթին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի տեսակետից, բայց այնուամենայնիվ, եթե Հայաստանի ՊՆ-ն որոշել է դիվանագիտական գնահատականներ տալ, ապա իսկապես պետք է սկսել Ռուսաստանից, մեր այսպես կոչված ռազմավարական դաշնակցից:

Ես ուզում եմ ասել, որ այս ամբողջ քաոսը սկսվեց վաղուց, բայց հատկապես խուճապի մեջ է դրել Կրեմլին վերջերս Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի տարածաշրջան կատարած այցից հետո, երբ նա, փաստորեն, հայտարարեց, որ և Վրաստանը, և Ուկրաինան մտնելու են ՆԱՏՕ ի հեճուկս Ռուսաստանի դժգոհությանը: Ավելին, թեև Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ դեռ չեն մտել, բայց ՆԱՏՕ-ն արդեն մտել է Ուկրաինա ու Վրաստան, այնտեղ գործում են ուսումնական կենտրոնների անունով ռազմաբազաներ, 9-ից ավելի Ուկրաինայում, և 3-ից ավելի Վրաստանում: Դա ստեղծում է բացարձակապես նոր ռազմավարական աշխարհաքաղաքական իրավիճակ նաև Հայաստանի համար, որովհետև ՆԱՏՕ-ն հիմա Երևանից ընդամենը 2 ժամ տարածության վրա է գտնվում Վրաստանում: Դա բացում է մեզ համար շատ կարևոր նոր հնարավորություններ և հեռանկարներ: Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ոչ միայն ողջունում է այս գործընթացը, այլև դա միանգամայն համապատասխանում է մեր ծրագրային նպատակներին: Այնպես որ, մենք շատ մեծ ոգևորությամբ ենք նշում այդ իրողությունը: