«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԱԿ առաքելությունը կժամանի Հայաստան

16/09/2022

ՄԱԿ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունները եւ հույս ունի, որ հրադադարը կպահպանվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Յենչան։

Նրա խոսքով, երկու երկրներն էլ նամակներ են ուղարկել գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ պնդելով, որ խախտվել է 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ «ՄԱԿ-ը չի կարող ստուգել կամ հաստատել այս հաղորդոգրություններում պարունակվող կոնկրետ տարրերը, սակայն մենք խորապես մտահոգված ենք այս վտանգավոր էսկալացիայով եւ, մասնավորապես, խաղաղ բնակչության համար հնարավոր հետեւանքներով։ Մենք կողմերին կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Մենք երկու երկրների իշխանությունների հետ կապի բաց ուղիներ ենք պահպանում եւ պատրաստ ենք արձագանքել հումանիտար կարիքներին, եթե անհրաժեշտ լինի, եւ եթե հանգամանքները թույլ տան»,- ասել է նա՝ հավելելով, որ այս շաբաթվա բախումները ամենախոշորն են եղել միջադեպերի շարքից, ինչն ընդգծում է այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռեւս լուրջ խոչընդոտների է բախվում։

«Այս էսկալացիան նաեւ ընդգծում է կողմերի՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման շրջանակներում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն առաջ տանելու հրատապ անհրաժեշտությունը։ Մենք կոչ ենք անում կողմերին օգտվել այս կարեւոր մեխանիզմից՝ որպես սահմանին լարվածությունը թուլացնելու սկզբունքորեն կարեւոր քայլ։ Այս շաբաթվա իրադարձությունները նաեւ հիշեցնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը տարածաշրջանը ապակայունացնելու ներուժ ունի: Կարեւոր է, որ տարածաշրջանում եւ դրանից դուրս բոլոր խաղացողները գործեն կառուցողական եւ ճնշում գործադրեն կողմերի վրա՝ աշխատելու խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս առումով տարածաշրջանում ջանքեր են գործադրում մի շարք երկրներ, մասնավորապես՝ ԵՄ-ն եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք աջակցում ենք այս ջանքերին, որոնք կարող են հիմք դնել երկարատեւ խաղաղության ճանապարհին երկխոսության վերսկսման համար»:

Նա հայտնել է, որ ՄԱԿ-ը, Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի երկիր՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը՝ անդամ երկրներին հետագա զեկույցներով։

«Անհրաժեշտ է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորմանը, եւ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն ներկայիս լարվածությունը թուլացնելու համար, որպեսզի կողմերը կարողանան վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ օգնել նրանց հասնել խաղաղության եւ կայունության տարածաշրջանում»,- ասել է նա՝ կոչ անելով կողմերին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ «Մենք կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ քայլեր ձեռնարկել պայմանագրի ստորագրման ուղղությամբ»։