«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը պատրաստ չէ ստորագրելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ. Գևորգյան

08/04/2025

Բաքվում հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող խայտառակ դատավարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո՛չ ստորագրելու, ո՛չ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ:

ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

«Մենք չպետք է մոռանանք՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնությունները պահպանելու պատմություն չունեն, ոչ էլ այդպիսի պատմություն կառուցելու մտադրություն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»»,– ասել է Գևորգյանը:

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է` ցանկացած համաձայնագրի արժեք ոչ միայն այն ստորագրելու, այլև հստակ երաշխիքների և արդյունավետ իրագործման մեխանիզմների առկայության մեջ է:

«Երկարատև խաղաղությունը պահանջում է զսպումների և հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դեպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են: Բացի այդ, բանակցությունների ընթացքում ի սկզբանե արդարադատության և էսկալացիայի նվազեցման խթանմանը միտված միջոցներն այժմ բացառված են, և Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես են հեշտությամբ անտեսվում եվրոպական զսպման մոտեցումները»,– հայտարարել է Գևորգյանը:

Նա բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ մշտապես ուշադրություն է դարձվում Գազայում տիրող իրավիճակին, սակայն շարունակվում է անտեսվել Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության միտումնավոր ոչնչացումը:

Պատգամավորի խոսքով` նման աղետները կանխելու համար ստեղծված միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները պարզապես չեն գործում։

«Ադրբեջանը շարունակում է խախտել և անտեսել միջազգային դատարանների վճիռները, մինչդեռ միջազգային կազմակերպությունները տագնապալի անտարբերություն են ցուցաբերում հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքների նկատմամբ»,– ընդգծել է նա։

Ըստ Գևորգյանի` Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի լռությունը վկայում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փլուզման մասին։

Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (Հայաստանում ԵՄ առաքելության) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։

arm.sputniknews