
«Ռուսական տուն»-ը «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վայրիվերումներով։
Չնայած տարբեր ոլորտներում սերտ համագործակցությանը՝ ժամանակ առ ժամանակ այդ հարաբերություններում նկատվում է լարվածութուն։ Այս մասին նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հրապարակած հոդվածում:
Վերլուծության մեջ ընդգծվում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման ծառայողական հետաքննության ավարտը հանգեցրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական լարվածությանը։
Մոսկվան և Բաքուն իրենց դեսպաններին միաժամանակ հրավիրել են արտաքին քաղաքական գերատեսչություններ։
«Ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումն ադրբեջանական մամուլում առաջացրել է հակառուսական տրամադրություններ։ Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին։ Պաշտոնական Բաքուն պատրաստվում է հայց ներկայացնել միջազգային դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի՝ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում, սակայն Մոսկվան պետք է «բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի»։
Միաժամանակ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Россотрудничество» գործակալության ներկայացուցչության «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։
2025 թվականի հունվարին «Россотрудничество» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովն ադրբեջանական «Baku TV» հեռուստաալիքին սպառնացել է դատական հայցով:
Նա խոսել է իշխանական լրատվամիջոցի կողմից պատրաստված ռեպորտաժի մասին, որը նկարահանվել է Բաքվում՝ Ռուսական մշակութային կենտրոնի դիմաց:
Ադրբեջանցի լրագրողն իր խոսքում «Ռուսական տունն» անվանել է «լրտեսների և անջատողականների որջ», ինչը զայրացրել է Պրիմակովին։ Վերջինս նշել է, որ հեռուսատընկերությունը ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից․ «Այժմ թող «Baku TV»-ն ապացուցի, որ այդ գործունեությունը լրտեսություն է կամ ինչ-որ կերպ անօրինական է»:
«Հարկ է ընդգծել, որ Մոսկվայի վարած քաղաքականությունից գրեթե մշտապես դժգոհող Ադրբեջանը ռուսալեզու լրատվամիջոցների քանակով առաջատարն է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում։ Ադրբեջանում գործում է 50 ռուսալեզու տպագիր հրատարակություն և 7 լրատվական գործակալություն։ Չնայած պաշտոնական մակարդակով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ պայմանավորված քաղաքական, տնտեսական շահերով, սակայն ակնհայտ է, որ ներկայումս ադրբեջանական հասարակության ներսում վստահության պակաս կա դեպի Ռուսաստանը, որը ժամանակ առ ժամանակ դառնում է պայթյունավտանգ»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում:
armenpress.am