«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում Քարվաճառի ջրահավաք կայանի մոտ ռուս խաղաղապահների կարիք են տեսնում

02/03/2021

Ռուս խաղաղապահներ պետք է տեղակայվեն Քարվաճառի ջրահավաք ավազանի մոտ․ Արցախի արտաքին գործերի նախարարի դիրքորոշումն է։ Պետք է տարածքին հատուկ կարգավիճակ տրվի, քանի որ Քարվաճառի ջրահավաք կայանը ռազմաքաղաքական նշանակություն ունի ՝ համոզված է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Եթե Ադրբեջանը ջրերը թունավորի, դա աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցրել է՝ տարեվերջին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում ջրի նմուշառում են իրականացրել, անհանգստացնող երևույթներ չեն նկատել։

Քարվաճառի ջրահավաք կայանն Ադրբեջանին անցավ ճիշտ այն ժամանակ, երբ վերջին հայը դուրս եկավ Քարավաճառից․ «Ռադիոլուր»-ին փոխանցում է Արցախի արտաքին գործերի նախարարը։ Դավիթ Բաբայանը հիշեցնում է ադրբեջանցիների հայտնի տեսանյութի մասին, որում նրանք իբր Սևանա լճի մոտակայքում են։

«Դա Սևանը չէր, այլ Ալ լճերն էին, որոնք Հայաստան հոսող մի շարք գետերի ակունքն են։ Իրենք հատուկ էին դրել այդ վիդեոն, որ ցույց տան՝ջրահավաք ավազանում են»։

Քարվաճառն ունի ռազմաքաղաքական լրջագույն նշանակություն՝ ասում է Դավիթ Բաբայանը։ Դրա ջրային կայանը Հայաստանի ու Արցախի ջրային դոնորն է։ Այստեղից են սկիզբ առնում ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը, Արցախի ներկայիս տարածքի 97 տոկոսը, ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը չորացումից փրկող Արփա ու Որոտան գետերը։ Տարածքի հատուկ պահպանության խնդիրը Դավիթ Բաբայանը բարձրաձայնում է 20 տարուց ավելի։ Հիշեցնում է՝ մինչև 1930-ականների երկրորոդ կեսը այս  տարածքը պատկանում էր Խորհրդային Հայաստանին։ Ժամանակին  այն առանց որևէ պետական որոշման փոխանցվել է Ադրբեջանին՝ գուցե գյուղատնտեսությամբ զբաղվելու համար՝ եզրակացնում է։

«Բնական է, որ այս տարածքն ունի ռազմաքաղաքական լուրջ նշանակություն։ 23 տարի խոսում ենք այդ մասին, դժբախտաբար,ապարդյուն։ Ասում էինք, որ պետք է տարածքին հատուկ կարգավիճակ տրվի։ Մինչդեռ տարածքը որևէ անգամ չի ներառվել Հայաստանի անվտանգության հայեցակարգում, ադ թվում ՝ վերջին, չնայած սա եղել է կարևորագույն թեմաներից։ Այժմ շատ կարևոր է, որ այդ ջրահավաք ավազանում ռուս խաղաղապահներ տեղակայվեն, քանի որ ավազանը  թունավորելու վտանգն է շատ մեծ։ Եթե դա տեղի ունեցավ, ողջ Հայաստանի համար աղետ է լինելու»։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ տարեվերջին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում ջրի նմուշառում են իրականացրել, անհանգստացնող երևույթներ չեն նկատել։ Այդուհանդերձ,այստեղ ևս առաջարկ ունեն։

«Առաջարկ է ներկայացվել, որ Արփա-Սևան թունելի սկզբնամասում տեղադրված  մեխանիկական փականային համակարգը փոխարինվի ավտոմատ կառավարման  համակարգով, որպեսզի ջրի որակի փոփոխության դեպքում անմիջապես այն արձագանքի»։

Մասնագետը բացատրում է՝ առհասարակ ջրի որակի մոնիթորինգը շուրջ 40  ֆիզիկաքիմիական ցուցանիշով պետք է կատարվի։ Գործընթացն ամբողջականացնելու համար նաև օդի ռադիոաղտոտվածության մոնիտորինգ ներդնելու կարիք կա։ Սա կարժենա շուրջ 24 մլն դրամ և ենթադրում է ձեռք բերել դոզաչափեր։ Գումարը դեռ ակնկալում են միջազգային դոնոր կազմակերպություններից։ Ձեռք բերելու դեպքում դոզաչափը Ջերմուկի օդերևութաբանական կայանում կտեղադրվի, որպեսզի դիտարկումը հնարավորինս ընդգրկուն լինի։