Մոսկվայում ներկայացվել են բանակցությունների գլխավոր թեմաները. Պուտինն ընդունել է Ուիթքոֆին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 23-ին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և նախագահի խորհրդական Ջարեդ Քուշներին։ Հանդիպումը տևել է շուրջ 4 ժամ, որից հետո Յուրի Ուշակովը հայտարարություն է տարածել, ըստ որի բանակցությունները եղել են բովանդակային, կառուցողական և անկեղծ։ Բանակցությունների առանցքային թեման է եղել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Ուշակովի խոսքով՝ կողմերը հաստատել են, որ երկարաժամկետ կարգավորման հույս չի լինի, եթե տարածքային հարցը չլուծվի Ալյասկայի Անքորիջում օգոստոսին ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև համաձայնեցված բանաձևով։ Ուշակովը չի մանրամասնել, թե ինչ բանաձևի մասին է խոսքը։ Անքորիջում Թրամփը և Պուտինը քննարկել էին ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման պայմանները։
Մինչ այդ Պուտինը մարտական գործողությունները դադարեցնելու համար պահանջել էր, որ Կիևը դուրս բերի իր զորքերը Դոնբասի այն մասերից, որոնք ՌԴ-ի վերահսկողության տակ չեն գտնվում։ Ուկրաինան մերժել էր այս պահանջը։ Ռուսաստանը, ինչպես ընդգծել է նախագահի օգնականը, շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը, բայց մինչև համաձայնությունների ձեռքբերումը Մոսկվան կշարունակի հետամուտ լինել «նախքան հատուկ ռազմական գործողությունն իր առջև դրված նպատակներին մարտադաշտում, որտեղ պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը»։
https://www.reuters.com/world/europe/putin-meets-us-envoys-late-night-talks-ukraine-2026-01-22/