
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻՑ. ՀՐԱՊԱՐԱԿ
Դատելով Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի ունեցած հեռախոսազրույցից եւ դրան հետեւած «բարի կամքի դրսեւորումներից»՝ ի դեմս ամերիկյան դեսպանատան աշխատակից, ռուսական բանտում գտնվող Մարկ Ֆոգելի ու ամերիկյան բանտում գտնվող Ալեքսանդր Վիննիկի ազատ արձակումը, կարելի է որոշակի զգուշավոր լավատեսությամբ ասել, որ հնարավորություն է ստեղծվել, որ Մոսկվան ու Վաշինգտոնը գան համաձայնության, եւ, ի վերջո, ռուս-ուկրաինական պատերազմը, որից հիմա չափազանց շատ բան է կախված աշխարհում, այդ թվում նաեւ՝ Հայաստանի համար, ավարտվի։
Պետք է ի սկզբանե արձանագրել, որ այն հանգամանքը, թե ինչպես է այդ հեռախոսազրույցը ներկայացվում Սպիտակ տան կողմից, ցույց է տալիս, որ Ռուսաստանը տարավ առաջին տակտիկական հաղթանակը՝ ստիպեց, որ Արեւմուտքն իր հետ խոսի։ Ընդ որում, խոսի ոչ թե «մեկուսացվածի» հետ, այլ որպես հավասարը հավասարի՝ հարգանքով, իբրեւ բազմաբեւեռ աշխարհի մի մասնիկի։ Որոշ վերլուծաբաններ այս դրվագի վրա կենտրոնանալով, արդեն նշում են, որ Թրամփը, ըստ էության, վերադարձրեց Պուտինին «մեծ քաղաքականություն»։ Եթե Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ համաձայնությունը, ի վերջո, կայանա, եւ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, ապա, ամենայն հավանականությամբ, Ուկրաինան կբաժանվի երկու մասի։
Այն հատվածը, որն արդեն անցել է Ռուսաստանի հսկողության տակ, այլեւս չի վերադարձվի Ուկրաինային, այլ կդառնա Ռուսաստանի մաս, իսկ մյուս մասը, որոշ փոփոխություններով, իհարկե, նայած, թե գործարքի դետալներն ինչպիսին կլինեն, կմնա ԱՄՆ հսկողության ներքո։ Դա նման կլինի երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի ճակատագրին եւ Արեւմտյան ու Արեւելյան Գերմանիաների գոյությանը։ Արդյոք նման հանգուցալուծումը կարո՞ղ է նշանակել, որ Ռուսաստանը հաղթեց։ Դա կախված կլինի գործարքի մանրամասներից։ Ամեն դեպքում, նախադրյալներ կան՝ համարելու, որ Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը հերթական անգամ ապացուցեցին, որ երկարաժամկետ պրոյեկտներ իրականացնելու, համբերատարություն ունեցող եւ տոկուն ժողովուրդ ու երկիր են, որն ամեն զրկանքների գնով հասնում է իր ուզածին՝ իր տարածքների ընդլայնմանը կամ իր գերիշխանության պահպանմանը։
Հասկանալի է, իհարկե, խոսում ենք մոլորակի՝ տարածքով ամենամեծ երկրի մասին, որը նաեւ ամենահզոր միջուկային զինանոցներից մեկն ունի, բայցեւայնպես՝ համբերատարության ու տոկունության մասով մենք շատ բան ունենք սովորելու ռուս ազգից եւ Ռուսաստանից։ Թեեւ, իհարկե, ժողովրդավարության եւ ազատ խոսքի առումով Ռուսաստանն աննախանձելի վիճակում է գտնվում։
ԱՄՆ նախագահն ըստ էության ընտրեց բավականին խելամիտ ճանապարհ եւ որոշեց գնալ Ռուսաստանի եւ անձամբ Պուտինի հետ հարաբերությունների սերտացման ճանապարհով՝ հույս ունենալով, որ ապագայում ռուսական՝ հետպուտինյան վերնախավերը կհրաժարվեն Պուտինի ժառանգությունից եւ կորդեգրեն Արեւմուտքի հետ բարեկամության քաղաքականությունը՝ խուսափելով առճակատումներից։ Թրամփի համար անձամբ կարեւոր է, որ պատերազմը վերջնականապես ավարտվի, եւ «խաղաղարարը» լինի ինքը։ Նաեւ կարեւոր է, որ կարողանա Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել, որ հանկարծ նոր պատերազմ չսկսվի՝ գոնե մինչեւ իր նախագահության ժամկետի ավարտը, իսկ հետո, ինչպես ասում են, «կա՛մ էշը կսատկի, կա՛մ՝ իշատերը»։ Ճիշտ է, թե սխալ այս մոտեցումը՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում, գործ ունենք խիստ յուրօրինակ մտածողության տեր մարդու հետ՝ ի դեմս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։