«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գանգը՝ պաշտամունքի առարկա. հնագետները ներկայացրել են Արենի-1 քարայրում հայտնաբերված գանգերի վերակազմությունները

23/09/2021

Դեռ 2007 թվականին Վայոց ձորի մարզի Արենի-1 քարայրում իրականացրած պեղումների արդյունքում գիտնականները հայտնաբերել էին  Ք.ա 4. 300-4.000  թվականներին թվագրվող երեք մարդկային գանգ, որոնք ուսումնասիրության առարկա էին դարձել:

Հայ գիտնականները, համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստացել են գանգերի վերակազմությունները, ինչի հիման վրա հնարավոր է դարձել վերականգնել մեր հեռավոր նախնիների դեմքերն ու արտաքին տեսքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում Արենիի հնագիտական արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը հիշեցրեց, որ քարանձավը սկսել է պեղվել 2007 թվականին, և այն աշխարհին ճանաչելի է դարձել Եվրասիայի տարածքի ամենահին կոշիկի և գինու հնձանի հայտնաբերմամբ:

«Հնձանի շրջակայքում հայտնաբերվել է մարդկային երեք գանգ, որոնք սովորական չեն. եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ դրանք փայլեցված են, այսինքն՝ այստեղ ապրող հասարակության համար տվյալ մարդիկ եղել են շատ կարևոր՝ դառնալով պաշտամունքի առարկա: Տարիների ընթացքում գանգերն ուսումնասիրվել են հնագիտական, մարդաբանական տեսանկյունից՝ ԴՆԹ վերլուծությամբ: Մեզ համար պարզ է, որ այս երեք անհատներից երկուսը արական սեռի  են, իսկ մեկը՝ իգական: Մեկը,  ամենայն հավանականությամբ, վեց տարեկան երեխա է, մյուսը՝ 9, իսկ մյուսը՝ 18»,-պատմեց Գասպարյանը: